Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը երեկ քաղաքապետարանում Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրան» խմբակցության անդամների հետ տեղի ունեցածը կանանց հանդեպ հանրային նվաստացում է որակում։
«Կին քաղաքական գործչի նկատմամբ տեղի է ունեցել ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, ինչը չի կարող դատապարտելի չլինել մեր կողմից և որակվել նաև որպես կանանց հանդեպ հանրային նվաստացում, ինչը սիստեմատիկ բնույթ է կրում», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Կնոջ հանդեպ բռնությունը համակարգային խնդիր է, որով օժտված է այս համակարգը բռնատիրական և որն օգտագործում է կանանց հանդեպ հատկապես»։
Հովհաննիսյանն ընդգծեց՝ խախտվել է նաև կնոջ սեռական անձեռնմխելիությունն ու ազատությունը, սակայն չկա ադեկվատ գնահատական և դատապարտում նաև հանրության կողմից։
«Մյուս խնդիրը, որ ես տեսնում եմ, էս անպատժելիությունն է, որքան հայտնի է ինձ՝ դատախազությունն արդեն նյութեր է պատրաստում, բայց արդյո՞ք գնահատականը կհնչի, արդյո՞ք այդ բազմաթիվ տղամարդիկ, որոնք դուրս էին եկել կնոջ դեմ և նրան բռնության էին ենթարկում իրապես կստանան իրենց արժանի գնահատականները Քրեական օրենսգրքով», - ասաց իրավապաշտպանը։