Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մեր հասցեին սպառնալիք հնչեցնողները երբեք չեն զգացել օսմանյան ապտակի ուժգնությունը»


«Եթե Միացյալ Նահանգների իշխանությունները շարունակեն օժանդակություն ցուցաբերել սիրիացի քրդերին, դա անխուսափելիորեն կազդի Թուրքիայի հետագա քաղաքական քայլերի վրա», - այսօր Անկարայում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

«Մեր ռազմավարական դաշնակցի այս որոշումը` ֆինանսական օժանդակություն ցուցաբերել [սիրիացի քրդերի] «Ժողովրդավարական միություն» կուսակցությանն ու «Ժողովրդական պաշտպանության ուժերին», անխուսափելիորեն ազդելու է մեր հետագա որոշումների վրա», - հավելել է Էրդողանը` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն 2019 ֆինանսական տարում Պենտագոնը նախատեսում է շուրջ 300 միլիոն դոլար ծախսել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» մարտիկների մարզումները կազմակերպելու և սպառազինություն տրամադրելու համար:

Անկարայում համոզված են, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կորիզը կազմող քրդական ջոկատները ահաբեկչական կառույցներն են և անմիջական կապ ունեն Թուրքիայի հարավ-արևելքում գործող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ:

Էրդողանի համոզմամբ, սակայն, ամերիկացիները շարունակում են անտեսել այն հանգամանքը, որ քրդական ուժերի մի զգալի մասը կազմված է ահաբեկչական ճանաչված կառույցների զինյալներից․ - «Այն մարդիկ, որոնք կանգնում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողքին, իսկ հետո հայտարարում են, թե որևէ նշույլ չկա, որ նրանք այդ կառույցի անդամներ են, կամ մոլորության մեջ են, կամ կույր են, կամ էլ` հիմար: Ես շատ հստակորեն կարող եմ ասել՝ ովքեր պնդում են, թե մեր հարվածներին ի պատասխան կարող են ագրեսիվ գործողությունների դիմել, երբեք չեն զգացել օսմանյան ապտակի ուժգնությունը»:

Ռեջեպ Թայիփ Էրդողանը այսօր շարունակում էր պնդել, որ քրդաբնակ Աֆրինի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո թուրքական ուժերի հաջորդ թիրախը լինելու է Մանբիջը: Թուրքական հարձակումը, ըստ Էրդողանի ու նրա թիմակիցների, չի կանգնեցնի անգամ այն հանգամանքը, որ Մանբիջում, քրդական ջոկատների հետ մեկտեղ, նաև ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված:

Էրդողանն այսօր անդրադարձավ նաև Կիպրոսի շուրջ վերջին օրերին ծագած լարվածությանը: Օրերս Թուրքիայի ռազմածովային ուժերը խոչընդոտեցին իտալական ENI էներգետիկ կոնցեռնի նավերից մեկին հետախուզական գործողություններ իրականացնել Միջերկրականի այն հատվածում, որտեղ, ըստ վերջին հետազոտությունների, գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել: Միջերկրականի այդ հատվածը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու մաս է կազմում: Պաշտոնական Անկարայի համոզմամբ, սակայն, Կիպրոսի գազային պաշարների հետախուզմամբ և հետագա արդյունահանմամբ պետք է զբաղվեն կղզու ոչ միայն հունական, այլև թուրքական հատվածի իշխանությունները:

«Մեր ռազմանավերը, օդուժը, ուժային մյուս կառույցները ուշի-ուշով հետևում են զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ցանկացած միջամտության: Մենք խորհուրդ ենք տալիս Կիպրոսի ափամերձ գոտում գործունեություն ծավալած օտարերկրյա ընկերություններին չգերագնահատել իրենց կարողություններն ու չանցնել չափերը` կիպրոսցի հույների ձեռքում գործիքի վերածվելով», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG