Մատչելիության հղումներ

Այս տարի լրանում է լեհ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյա հոբելյանը, որին նվիրված հյուրախաղերով կոմպոզիտորը որոշել է առաջինը հանդես գալ Երևանում: Նա տիկնոջ հետ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու այս երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկող հոբելյանական փառատոնին:

Պենդերեցկու 85-ամյակին նվիրված քառօրյա փառատոնի ընթացքում հանդես կգան Հայաստանի լավագույն նվագախմբերը, երգչախմբերը, մենակատարներ Հայաստանից և արտերկրից: Փառատոնը Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

Աշխարհահռչակ երաժիշտն առաջին անգամ Հայաստան այցելեց 10 տարի առաջ՝ կրկին իր ստեղծագործությանը նվիրված փառատոնի կապակցությամբ, և հենց այն ժամանակ էլ ասաց, որ ծագումով հայկական արմատներ ունի՝ տատը հայուհի է եղել, ապրել է Սպահանում, հետո տեղափոխվել է Լեհաստան, որտեղ էլ արդեն մանուկ տարիներին Պենդերեցկին տատի հետ ժամանակ առ ժամանակ հայկական եկեղեցի է գնացել, անչափ տպավորվել հայկական եկեղեցական երաժշտությամբ և տատի՝ իր համար երգած հայկական օրորոցայիններով:

2008-ից հետո լեհ անվանի կոմպոզիտորը պարբերաբար այցելում է Հայաստան, որտեղ երաժշտասեր հանրությունը նրան մեծ ջերմությամբ է ընդունում: 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այսօր Հայաստան ժամանելուն պես Քշիշտոֆ Պեռնդերեցկին տիկնոջ հետ Մշակույթի նախարարի ուղեկցությամբ նախ այցելեց Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոց, որի բակում եղևնի տնկեց, շրջեց հիմնանորոգված դպրոցի տարածքում:

Դպրոցի նորաբաց հյուրասրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում մեկ անգամ ևս շեշտեց, որ իր բոլոր այցելությունները Հայաստան շատ հագեցած են թե՛ հանդիպումներով, թե՛ երաժշտությամբ․ - «Մի քանի անգամ արդեն Հայաստանում եղել ենք, մենք շատ մեծ սիրով ենք գալիս Հայաստան: Ինձ համար առանձնակի կարևոր է այն հանգամանքը, որ այս փառատոնը սկսվում է այստեղից:

Հարցիս, թե որպես համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը, ինչպիսին է տեսնում ժամանակակից երաժշտարվեստի զարգացումը, մաեստրոն պատասխանեց․ - «Ես մարգարե չեմ: Եվ ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե ապագայում երաժշտությունը ինչպիսի զարգացում կունենա: Ես շատ վաղուց եմ սկսել երաժշտություն գրել՝ 6-7 տարեկանից: 1960-ական թվականների ավանգարդը մի երաժշտական ուղղություն էր, որը լիովին փոխեց իմ երաժշտությունը: Հետագայում իմ երաժշտությունը կերպարանափոխություն ապրեց, և լիովին շրջվեցի դեպի դասական երաժշտությունը: Եվ վերջին շրջանում ես շարունակում եմ դասական երաժշտության ավանդույթները, փորձում եմ այն մեկ-երկու քայլ էլ առաջ տանել»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով այսօր մեկնարկող Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի մասին, ասաց․ - «Կարծում եմ, սա այն դեպքն է, որ մենք ոչ թե սիրում, պատվում և պաշտում ենք սիրելի կոմպոզիտորին ոչ թե նրա համար, որ նա մասամբ արմատներով, ինչ-որ ուղղությամբ ունի հայկական ծագում: Այլ նրա համար, որ մենք իսկապես գործ ունենք համաշխարհային մեծության աստղի հետ, մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, ով իր երաժշտությամբ գունավորեց և պայծառացրեց մեր կյանքն ու մեր ապագան»:

Պենդերեցկին ասուլիսի ընթացքում շեշտեց, որ իր երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել երկու կոմպոզիտոր՝ Յոհան Սեբաստիան Բախը և Կոմիտասը:

Քառօրյա փառատոնի ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, որոնցից շատերը կկատարվեն առաջին անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG