Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ «Մի սպասեք, որ ձեր կյանքը պիտի փոխի միայն մեկ անհատ»


Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է անցկացնում Գյումրիում:

Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն առաջիկայում երկրորդ անգամ կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում թերևս կտրվի գլխավոր հարցի պատասխանը՝ համաձա՞յն է դառնալ Հանրապետականի նախագահի թեկնածուն, թե՞ ոչ:

«Պարզ ասած՝ ինձ արված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից, որը, որպես անհատ, ես գնահատում եմ որպես մեծ պատիվ: Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել: Բայց պատվից այն կողմ կա պատասխանատվություն, և, ինչպես տեսնում եք, այդ պատասխանատվությունը փոքր չէ: Ինչքան էլ սահմանափակ լինեն նախագահի լիազորությունները, որ ժուռնալիստները նկատում են և քննարկում են դա, բայց Հանրապետության [ապագա] նախագահը մեծ լիազորություններ ունի, իհարկե ոչ վարչական, բայց՝ լինելով երկրի ղեկավար»:

Այսօր Գյումրի այցելած Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Հանրապետականի կողմից առաջադրելով նախագահի թեկնածու՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ վարկանիշի անկում կունենա․ - «Ես դեռ Հանրապետության նախագահի հետ իմ հաջորդ քննարկումը չեմ ունեցել, բայց եթե ձեզ լսեմ, կամ նմանատիպ մտածող որևէ մեկի լսեմ, ուրեմն ի՞նչ․․․ եթե դժվար է, անհնարին է, եթե մեկը փորձում է, բայց չի հաջողում, անկեղծ սրտով փորձում է, բայց չի հաջողում և վարկաբեկվում է, ուրեմն չփորձի՞․․․ Ուրեմն բոլորս թևաթափ լինենք ու ասենք՝ ոչինչ հնարավոր չի փոխել․․․ Ընդունելի՞ է այդ կեցվածքը»:

Մեկ անձով պայմանավորված կյանքի փոփոխություն ակնկալելը սխալ է համարում Արմեն Սարգսյանը՝ ով ուզում է լինի այդ անձը․ - «Մեկ հոգի չի կարող փոխել: Սպասում եք, որ մեկը գա, բոլորը փոխի: Մեկի փոխելով չի լինի․ բոլորս միասին, ես ձեր հետ միասին, դուք ինձ հետ միասին։ Հակառակ դեպքում չի ստացվի․․․ Դուք էս երկրում հեղափոխություն եք արել 88 թվականին: Երկիրը տարել եք դեպի հաղթանակ: Դուք, այսինքն՝ հայ ժողովուրդը, և մի սպասեք, որ ձեր կյանքը պիտի փոխի միայն մեկ անհատ: Եվ կարևոր չէ, թե նրա անունը ինչ է: Եթե ես ընտրվեմ, միևնույն է գալու եմ ձեզ ասեմ՝ եկեք միասին փոխենք»:

Սարգսյանը Գյումրի այցը սկսեց Յոթ վերք եկեղեցուց: Հենց եկեղեցում մի տարեց մոտեցավ Արմեն Սարգսյանին ու հորդորեց նրան նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել՝ ներկայիս կենսաթոշակով հնարավոր չէ գոյատևել․ - «Թոշակառուները մեռնին գը: Թոշակները ավելցրեք, թե չէ ապստամբություն կեղնի, ավելի վատ բան կեղնի»:

Արմեն Սարգսյանը պնդեց, որ Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրների ծանոթ է ու հիշեց վարչապետի պաշտոնում 21 տարի առաջ Գյումրի կատարած այցը: Գյումրին, ինչպես նկատեց Արմեն Սարգսյանը, «ուստեքի քաղաք է», ու պետք է համաչափ զարգացում ապահովել․ - «Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք հավասարաչափ բաշխելու մասին և՛ երկրի հարստությունը, և՛ աշխատանքը, և՛ ամեն ինչը: Դա մի օրվա աշխատանք չի իհարկե․․․ Շիրակը ունի հսկայական պոտենցիալ: Էս քաղաքը էղել է վարպետների, ուստեքի քաղաք»:

Հանրապետականի նախագահի թեկանածուն Արվեստների ակադեմիայում հանդիպեց դասախոսների ու ուսանողների հետ: Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը ասաց, որ իրենք հորդորում են Արմեն Սարգսյանին, որ ընդունի նախագահ դառնալու առաջարկը․ - «Մասնաճյուղի ողջ հանրությունը՝ և՛ դասախոսները, և՛ ուսանողները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Ձեզ Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ»:

Թիվ 21 դպրոցում Արմեն Սարգսյանը շփվեց նախակրթարանի սաների հետ՝ մեկ առ մեկ ծանոթանալով նրան հետ:

Մտավորականների հետ հանդիպումը ամենաերկարատևն էր: Արմեն Սարգսյանն ասաց՝ եկել է լսելու նրանց․ - «Ինձ համար կարևոր է, որպեսզի ավելի խորը հասկանամ և ձեր խնդիրները, և ձեր դժվարությունները, նաև՝ ձեր մտքերը և հաջողությունները որտեղ եք տեսնում»:

Դռնփակ հանդիպումը մոտ 2 ժամ տևեց:

Այցի սկզբում Արմեն Սարգսյանին դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը, սակայն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը գերադասեց քաղաքում շրջել առանց պաշտոնյաների ուղեկցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG