Մատչելիության հղումներ

Bloomberg-ի «Ռոբին Հուդ 2018» զեկույց․ Իվանիշվիլին իր հաշվին կարող է Վրաստանը պահել մեկ տարուց ավելի


Վրաստան - Մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստան - Մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Bloomberg-ը հրապարակել է «Ռոբին Հուդ 2018» զեկույցը: «Ռոբինհուդյան» զեկույցի իմաստն այն է, թե տվյալ երկրի ամենահարուստ մարդը իր հաշվին քանի օր կարող է պահել իր երկրի ժողովրդին, այսպես ասած՝ կառավարության դեր կատարել, ապահովել ժողովրդի սոցիալական, առողջապահական և մյուս ծախսերը, որ կատարում է կառավարությունը:

Հաշվարկի հիմքում ընկած են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ի մի բերված՝ երկրների կառավարությունների ծախսերը և Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցանկի ֆինանսական կարողությունները:

Զեկույցում ընդգրկված է 49 երկիր: Դրանցից չորսի՝ Անգոլայի, Ավստրալիայի, Չիլիի ու Նիդերլանդների ամենահարուստները կանայք են:

Հայաստանի հարևան և հետխորհրդային երկրներից զեկույցում կան Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը:

Վրաստանի մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին իր ժողովրդին կարող է շատ երկար պահել, ուսումնասիրված 49 երկրներից նա միայն մեկին է զիջում: Իվանիշվիլին իր 5 միլիարդ 800 միլիոն դոլարի կարողությամբ Վրաստանի ծախսերը կարող է հոգալ ավելի քան մեկ տարի՝ 430 օր: Վրաստանի կառավարության ամենօրյա ծախսերը ցուցակում ընդգրկված երկրներից ամենաքիչն են՝ 13.5 միլիոն դոլար:

Իվանիշվիլիից ավելի երկար իր ժողովրդին կարող է պահել միայն Կիպրոսի մեծահարուստ Ջոն Ֆրեդրիկսենը՝ գրեթե 10.5 միլիարդ դոլարի կարողությամբ նա Կիպրոսը կպահի 441 օր:

Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ Ալեքսեյ Մորդաշովը 19 միլիարդ 700 միլիոն դոլար ունի, կառավարության ամենօրյա ծախսերը 1 միլիարդ 400 միլիոն դոլար են: Եթե կառավարությունը այդ ծախսերը տեսականորեն չկատարի, Մորդաշովը կարող է Ռուսաստանը պահել 14 օր:

Թուրքիայի ամենահարուստ մարդը՝ Էրման Իլիչեքը երկիրը կարող է պահել 5 օր: Ուկրաինայի մեծահարուստ Ռինատ Ախմետովը երկիրը կարող է մեկ ամսից ավելի պահել՝ 36 օր․ նրա հարստությունը շատ մեծ չէ՝ 4 միլիարդ 700 միլիոն դոլար, բայց կառավարության ամենօրյա ծախսերն են ժլատ՝ 132 միլիոն դոլար: Ղազախստանի մեծահարուստ Բուլաթ Ութեմուրատովը ցանկում Ուկրաինայի հարևան է՝ նա Ղազախստանի ժողովրդին 33 օր կպահի:

Աշխարհի զարգացած, հզոր երկրներից շատերում այդ ցուցանիշները շատ ավելի համեստ են: Միացյալ Նահանգների մեծահարուստ Ջեֆ Բեզոսը իր 99 միլիարդ դոլարով երկիրը կարող է ընդամենը 5 օր պահել: ԱՄՆ-ի կառավարության ամենօրյա ծախսերը ամենաբարձրն են՝ յուրաքանչյուր օր ամերիկյան կառավարությունը 19 միլիարդ 600 միլիոն դոլար է ծախսում իր ժողովրդի վրա:

Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Ջաք Մանը իր 45.5 միլիարդ դոլարի կարողությամբ ընդամենը 4 օր կարող է պահել երկիրը:

Հայաստանը զեկույցում չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG