Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը «որևէ կաշկանդվածություն չունի» իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին սատարելու կամ չսատարելու հարցում։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը նշեց՝ դեռ պետք է խմբակցության բոլոր անդամների կարծիքները մեկտեղեն։
«Եթե մենք մեր բոլորիս կարծիքները մեկտեղենք և ավելի շատ լինի բացասական մոտեցումը, դեմ կլինենք, մենք չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Այլ հարց է, որ քննարկման արդյունքում մենք ստանանք դրական դիրքորոշում։ Այս պահին այդպիսի ընդհանուր վիճակ առնվազն ես չեմ տեսնում, որ ապահովենք լիարժեք, կամ դեմ ենք լիարժեք», - ասաց Բագրատյանը։
Շաբաթ օրը, հիշեցնենք, Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանն առանձին հանդիպում կունենա, որից հետո նոր «Ծառուկյան» խմբակցությունը վերջնական որոշում կկայացնի։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակ ունի Արմեն Սարգսյանի առանձին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. - «Ընդհանուրը պետք է պարոն Ծառուկյանը քննարկի, այսինքն՝ իմ տեսակետը և մյուս պատգամավորի տեսակետը դրանք ոլորտային են։ Պարոն Ծառուկյանն ամենակարևորը շոշափելու է «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթների համադրությունը նախագահի թեկնածուի տեսլականին առաջին հերթին՝ նոր հարցադրումներով և ավելի գլոբալ հարցադրումներով, քան պատգամավորներ են առաջադրել։ Դա դեմառդեմ հանդիպում է։ Այդ հանդիպումից հետո պարոն Ծառուկյանը կլսի մեր բոլորի կարծիքները, դիրքորոշումը, փաստարկները, հիմնավորումները և մամուլին կհայտնի խմբակցության որոշումը»։
Ճշտող հարցին՝ մեկ միասնական դիրքորոշում կլինի՞ խմբակցությունում, թե՞, օրինակ, ազատ քվեարկություն կլինի, Բագրատյանը պատասխանեց. - «Չի բացառվում ցանկացած որոշում։ Իմ պատկերացումները բավականին տարբեր էին պարոն Սարգսյանի պատկերացումներից՝ տնտեսության զարգացման հետ կապված։ Փոքրիկ օրինակ ասեմ՝ պարոն Սարգսյանը շատ կարևորեց, որ առավելապես բարձր տեխնոլոգիաներով, «Թումո» կենտրոններով այս զարգացումներն են շատ կարևոր մասնավորապես, ես գտնում եմ, օրինակ, որ տնտեսության առաջնային խնդիրներից հետո են դրանք կարևոր։ Երբ որ մենք ի վիճակի կլինենք մոնոպոլիան վերացնելու, նոր կմտածենք նաև՝ ՏՏ ոլորտի զարգացո՞ւմն առաջնահերթ համարենք, տուրի՞զմն առաջնահերթ համարենք, հանքարդյունաբերությո՞ւնը, թե՞ գյուղատնտեսությունը»։
Նշենք, որ երկու ամսից գործող նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Մարտի 2-ին խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Առաջին փուլով նախագահ ընտրելու համար Հանրապետականին Ազգային ժողովում անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող ուժն առնվազն 14 ձայնի կարիք ունի։ «Ելք»-ը հայտարարում է, որ դեմ է քվեարկելու, հետևաբար Հանրապետականը փորձելու է ստանալ ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները։
Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.