Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը պատրաստ է բանակցել Փհենյանի հետ․ «Վաշինգտոն Փոստ»


ԱՄՆ փոխնախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը մասնակցում են Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը
ԱՄՆ փոխնախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը մասնակցում են Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Հյուսիսային Կորեայի «օլիմպիական դիվանագիտությունը» կարող է նոր դռներ բացել միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, պնդում են արևմտյան լրատվամիջոցները: Համենայնդեպս՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը «Վաշինգտոն Փոստի» հետ զրույցում չի բացառել, որ առաջիկայում Սպիտակ տունը կարող է ուղիղ երկխոսություն սկսել Փհենյանի հետ:

«Չնայած փոխադարձ լարվածությանը, կողմերին հաջողվել է այս շաբաթ Հարավային Կորեայում կայացած կուլիսային հանդիպումներում իրական առաջընթաց արձանագրել, ինչի արդյունքում Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան կարող են դեմ առ դեմ բանակցություններ սկսել առանց նախապայմանների»,- գրում է «Վաշինգտոն Փոստի» թղթակիցը: Վերջինս ինքնաթիռում բացառիկ հացազրույց է ունեցել Հարավային Կորեայից ԱՄՆ վերադարձող փոխնապագահ Մայք Փենսի հետ, ով որոշ մանրամասներ է բացահայտել:

«Ըստ այդ՝ դեռ սաղմնային վիճակում գտնվող դիվանագիտական ծրագրի, Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները ուժի մեջ են թողնելու Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Փհենյանը հստակ քայլեր չի արել միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ: Պահպանելով պատժամիջոցները՝ Սպիտակ տունը, միաժամանակ, նշում է, որ հիմա արդեն պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ»,- գրում է ամերիկյան պարբերականը՝ մեջբերելով փոխնախագահ Փենսի հետևյալ խոսքերը․ «Մենք ոչ մի պատժամիջոցից չենք հրաժարվի, քանի դեռ նրանք էական քայլ չեն արել ապամիջուկայնացման ուղղությամբ: Ճնշումները կմնան առավելագույն մակարդակի վրա և էլ ավելի կամրապնդվեն, սակայն, եթե նրանք ուզում են խոսել, մենք պատրաստ ենք դրան»:

«Սա կարևոր փոփոխություն է Միացյալ Նահանգների դիվանագիտական կեցվածքում»,- փաստում է «Վաշինգտոն Փոստի» թղթակիցը, մանրամասնելով՝ նախկինում Սպիտակ տունը հայտարարում էր, թե Հյուսիսային Կորեայի հետ կհանդիպի միայն այն ժամանակ, երբ բռնապետական վարչակազմը կգնա իրական զիջումների: Ըստ թերթի, մինչ Փհենյանի և Վաշինգտոնի միջև հնարավոր շփումերը, նախ Հարավային Կորեան է ակտիվացնելու կապերը հարևանի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսվել է: Այսօր Սեուլը հայտարարեց, թե պատրաստվում է կորեական պատերազմից հետո մասնատված ընտանիքների վերամիավորման նոր ծրագիր սկսել և թուլացնել ռազմական լարվածությունը:

Նախօրեին երկկողմ լարված հարաբերություններում մեկ այլ՝ պատմական զարգացում էր արձանագրվել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը ոչ միայն քրոջն էր գործուղել Հարավային Կորեա՝ Ձմեռային Օլիմիպական խաղերին ներկա գտնվելու, այլև նրա միջոցով Հարավային Կորեայի առաջնորդին հրավիրել էր «մոտ ժամանակներս» այցելել Փհենյան։ Եթե այդ այցելությունը կայանա, այն կդառնա երկու կորեական պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը վերջին 10 տարիների ընթացքում։

Կորեական պատերազմից հետո աշխարհի ամենաթեժ կետերից մեկը դարձած թերակղզում կրքերն էլ ավելի բորբոքվեցին Փհենյանի վերջին հթրիռային փորձարկումներից հետո, որոնց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ արձագանքել «հրով և ցասումով»: Հիմա, չբացառելով դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, ամերիկյան կողմը, միաժամանակ, չի շտապում լավատեսական հայտարարություններ հնչեցնել:

«Փհենյանում գիտեն՝ ինչի շուրջ ենք մենք պատրաստ բանակցել, այնպես որ, մեզ մնում է ընդամենը սպասել»,- այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Երեկ էլ նույնն էր պնդել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: «Ակնհայտորեն, դեռ շատ վաղ է ասել՝ արդյո՞ք օլիմպիադայի օգտագործումը, որպես լարվածությունը թուլացնելու գործիք, կաշխատի նաև խաղերի ավարտից հետո»,- ասել էր Մատիսը:

«Առայժմ հստակ է, որ այս օլիմպիադայի քաղաքական մեդալը նվաճել է Հյուսիսային Կորեան»,- իր հերթին պնդում է «Ասոշիեյթեդ պրեսը», հավելելով՝ Օլիմպիական կոմիտեի ամերիկացի անդամներից մեկն անգամ առաջարկել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միասնական հոկեյի թիմն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG