Մատչելիության հղումներ

Այսօր Իսրայելի Քնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլոսկովայի հրավերով Սուրբ Հող ժամանած Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական հանդիպումների անդրանիկ օրն է:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հայկական պատվիրակությունն ի տարբերություն նախորդ տարվա մեծաթիվ չէ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը: Նրանց ուղեկցում է նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Եգիպտոս):

Այսօր առավոտյան հայ պատվիրակներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում ընդունել էր Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև հյուրերը ուղևորվել էին Սուրբ Հարության տաճար, այցելել էին Լացի պատ:

Ինչպես սովորաբար է արվում, հին քաղաքում շրջագայությունից հետո հյուրերին ուղեկցել էին նաև Հոլոքոստի Յադ վաշեմ թանգարան-ինստիտուտ: Ծագիրը շատ հագեցած էր ուստի հաղորդումը պատրաստման պահին դեռ հնարավոր չեղավ կապ հաստատել Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Հանդիպումների ժամանակացույցը ընթացքում փոփոխություններ էր կրել, ուստի լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք Հայաստանում Հանրապետությունում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Երուշալմիին (նստավայրը՝ Երուսաղեմ): Նախօրոք հաղորդվել էր, որ հանդիպումներ են նախատեսված նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում, սակայն դեսպան Յերուշալմին հերքեց այդ լուրերը․ - «Ոչ մի հանդիպում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում նախատեսված չէ, ուղղակի մենք ենք կազմակերպել այս հանդիպումներն, ուղեկցում ենք հյուրերին»:

«Այնուամենայնիվ Թել-Ավիվում հյուրերին կընդունի նախարարության Եվրոպայի և Ասիայի երկրների հետ կապերի բաժնի ղեկավար, փոխնախարար Ալեքսանդր Բեն Ցվին, բայց ոչ իր նստավայրում», - հավելեց պարոն Երուշալմին:

Այսօր երեկոյան Իսրայելի Քնեսետում մեկ հանդիպում է ընդամենը նախատեսված․ - «Այսօր երեկոյան հանդիպելու են «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ, իսկ վաղը նախատեսված են բոլոր կարևոր խորհրդարանական հանդիպումները նախ Իսրայել - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տալի Պլոսկովայի հետ, խոսնակ Յուլի Էդելշտեյնի, Քնեսետի տնօրենի, նաև Բնապահպանության նախարար, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախկին ղեկավար Զեև Էլկինի հետ»:

Հայկական պատվիրակությունը վաղը երեկոյան կհանդիպի Երուսաղեմի հայկական համայնքի հետ, իսկ հինգշաբթի՝ Թել Ավիվի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ Թել-Ավիվ-Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում:

Ի տարբերություն հայ խորհրդարանականների նախորդ պատվիրակության, այս նոր այցելության օրակարգում Հայաստան - Իսրայել միջազգային հասարակական ֆորումի աշխատանքներ ծրագրված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG