Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Մերձավոր Արևելք


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մերձավորարևելյան լայն տարածաշրջանային այցը:

Associated Press-ը հաղորդում է, որ նա հինգ երկիր է այցելում՝ Եգիպտոս, Քուվեյթ, Լիբանան, Հորդանան և Թուրքիա:

Կիրակի օրը Թիլերսոնը ժամանել է Կահիրե: Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ է վարելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ:

Պետքարտուղարի այցը կատարվում է տարածաշրջանային լարվածության աճի, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության հետևանքով առաջացած մտահոգությունների ֆոնին։

Նրա այցից մեկ օր առաջ Իսրայելն ուժեղ հրետակոծության է ենթարկել Սիրիայի տարածքն այն բանից հետո, երբ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը իսրայելական ռազմական F-16 օդանավ խոցեցին:

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդ էին բարձրացել, որովհետև Սիրիայի տարածքից անօդաչու թռչող սարք էր ներխուժել Իսրայելի տարածք։ Թել-Ավիվը պնդում է, որ ոչնչացված դրոնը կառավարվում էր Սիրիայում տեղակայված իրանական համակարգերի միջոցով:

2011 թվականից ի վեր սա Իսրայելի ամենալուրջ ներգրավածությունն է սիրիական հակամարտությունում:

Մյուս կողմից՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությունը. Associated Press-ը նշում է, որ ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրներին զայրացրել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, և այդ երկրներում Թիլերսոնն ամենայն հավանականությամբ մտահոգություններ կլսի։ Այդ որոշումը նաև թուլացրել է իսրայել-ապաղեստինյան երկարատև բանակցությունները վերսկսելու շանսերը։

Ամերիկացի պաշտոնյաները, հաշվի առնելով հարցերի նրբությունը, համաձայնել են նախատեսվող բանակցությունների որոշ մանրամասներ ասել Associated Press-ին՝ պայմանով, որ իրենց անունները չհրապարակվեն։

Նրանք նշել են, որ Եգիպտոսի նախագահի հետ այսօրվա բանակցություններում Թիլերսոնը բարձրացնելու է նաև մարդու իրավունքների խնդիրները։

Մարտին Եգիպտոսում կայանալիք ընտրություններում ալ-Սիսին պատրաստվում է երկրորդ անգամ չորսամյա ժամկետով նախագահ ընտրվել՝ առանց լուրջ մրցակիցների։ Նրանք, ովքեր կարող էին ալ-Սիսիին մարտահրավեր նետել, կա՛մ ձերբակալված են, կա՛մ հրաժարվել են ընտրապայքարից։ Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել ընտրությունները։

Եգիպտոսից Թիլերսոնը մեկնելու է Քուվեյթ՝ երկու միջազգային համաժողովներում գլխավորելու ամերիկյան պատվիրակությունները։ Համաժողովներից մեկը իսլամական ծայրահեղականության դեմ երկրների կոալիցիան է, մյուսը նվիրված է հետպատերազմական Իրաքի վերականգնմանը։

Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնն ԱՄՆ-ի օգնությունը չի խոստանալու, փոխարենը մասնավոր ընկերությունների և բանկերի վրա ճնշում է գործադրվելու՝ ակտիվացնելու նրանց մասնակցությունն Իրաքի երկարաժամկետ զարգացման ծրագրերին։

Ակնկալվում է, որ այդ համաժողովին մասնակցելու են 2 հազար 300 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 100 ամերիկյան։

Քուվեյթում Թիլերսոնը բանակցելու է այդ երկրի պաշտոնյաների հետ, որոնք փորձում են միջնորդական առաքելությամբ կարգավորել Կատարի և արաբական մի քանի երկրների միջև անցյալ տարվանից սկսված գժտությունը։

Հորդանանի բանակցությունների հիմնական թեման լինելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման հետևանքով առաջացած անհանգստությունների կառավարումը։ Հորդանանը նաև դժգոհ է պաղեստինցիներին ամերիկյան օգնությունից զրկելու Թրամփի վարչակազմի որոշումից։

Հորդանանում շատ պաղեստինցիներ են ապրում, այդ թվում՝ փախստականներ։

Ակնկալվում է, որ Ամանում Հորդանանի կառավարության հետ Թիլերսոնը միլիարդավոր դոլարների երկարաժամկետ ամերիկյան օգնության փաթեթ կստորագրի՝ ամրապնդելու երկկողմ կապերը։

ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջանային այցն ավարտվելու է Անկարայում։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնի բանակցությունների մեծ մասը ծանր կլինի, հատկապես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է վարում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ջոկատների դեմ, ինչպես նաև հաշվի առնելով Անկարայում հակաամերիկյան հռետորաբանության աճը։

Ակնկալվում է, որ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունները լարված կլինեն։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, Թիլերսոնը նորից է զգուշացնելու, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններում զսպվածություն ցուցաբերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG