Մատչելիության հղումներ

«Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը». Արմեն Աշոտյան


Հայաստանի ապագա վարչապետի հարցը իշխող Հանրապետական կուսակցության ներսում դեռևս չի քննարկվել։

Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, միևնույն ժամանակ նշելով՝ ինքը պատրաստ է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Ես, եթե չեմ սխալվում, հենց Ձեր տաղավարում ասացի, որ ինքս պատրաստ եմ առաջադրել, ոչ միայն ես, այլև շատ մարդիկ, պատրաստ են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին, բայց նորից կրկնեմ՝ այս հարցը դեռևս կուսակցության ներսում, որը Սահմանադրությամբ լիազորված է վարչապետ առաջադրել, չի քննարկվել, հետևաբար՝ ես հայտնում եմ բացառապես իմ անձնական տեսակետները», - ասաց Աշոտյանը՝ շարունակելով. - «Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանքը․ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանվում, բոլորս գիտենք ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»։

Դիտարկմանը, թե ակնարկն ավելի քան թափանցիկ էր՝ Հանրապետականը վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Աշոտյանն այսպես արձագանքեց. - «Ակնարկ չէր՝ զուգահեռ էր։ Ես նման բան չասացի, բայց Դուք Ձեր եզրահանգումներում ազատ եք, պարոն Թամրազյան»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են երկու ամսից։ Մարտին Ազգային ժողովը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին։

Նկատենք, թեև նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, սակայն նա օժտված է սահմանափակ լիազորություններով՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է:

Ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG