Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին


Բրիջիթ Բրինք
Բրիջիթ Բրինք

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել են տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Նախագահականի լրատվական վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը ընդգծել է հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:

Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ Կարապետյանն ու Բրինքըկարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

«Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ», - ասված է Հայաստանի կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG