Մատչելիության հղումներ

Ծառուկյանն ու իր ղեկավարած խմբակցությունն առանձնաբար կհանդիպեն Արմեն Սարգսյանին, «հետո միասին կորոշեն»


Գագիկ Ծառուկյան, 9-ը փետրվարի, 2018 թ․

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու «Ծառուկյան» խմբակցությունն առանձին են հանդիպելու Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին Բնապահպանության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Ասել եմ՝ կհանդիպեն․․․ իմ խմբակցության հետ, բոլոր հարցերը կտան, պատասխանը կլսեն, ես առանձին կհանդիպեմ Արմեն Սարգսյանի հետ և կհանդիպեմ իմ թիմակիցների հետ: Բոլոր թիմակիցներիս կլսեմ, իրենց մոտեցումները, տեսակետները, և մենք որոշումը կասենք, բոլորդ էլ կիմանաք»,- ասաց Ծառուկյանը:

Ըստ նոր Սահմանադրության՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկանուծությանը կողմ քվերակեն ԱԺ 105 պատգամավորներից առնվազն 79-ը: Իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների պատագմավորների ընդհանուր թիվը 65- է, այսինքն՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար նրանց ևս 14 ձայն է անհրաժեշտ: Կապահովի՞ արդյոք այդ 14 ձայնը «Ծառուկյան» խմբակցությունը, թե ոչ՝ խմբակցության ղեկավարն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց:

«Ազատության» հարցին՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանին տեսնու՞մ է ապագա վարչապետի պաշտոնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Վարչապետի պաշտոնը՝ դա տված ա Հանրապետական կուսակցությանը, մեր ժողովուրդն իր ձայնը տվել ա: Վարչապետի պաշտոնը․․․ առանց խառնվելու «Ելքին», «Ծառուկյանին», իրենք իրենց ձայներով կարող են իրենց որոշած թեկնածուի հարցը լուծել»:

«Քաղաքացին այսօր ընտրում է քուչի տղուն, բայց նա չի կարող օրենսդրական փոփոխոթյուն անել»,- այսպես Ծառուկյանը բացատրեց, թե ինչու է իր ղեկավարած խմբակցությունն առաջարկում հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Դաշնակցությունը ևս կարծում է, որ պետք է հրաժարվել այդ ընտրակարգից: «Ձանը տալիս են քուչի տղուն, իրենց թաղապետին, քաղաքապետին, ոչ թե կուսակցությանը: Իսկ քուչի տղեն, թաղապետը, քաղաքապետը ծրագրային, օրենսդիր փոփոխություններ չեն կարող անել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով, արտագաղթի մասին, Ծառուկյանն ասաց, թե մարդիկ երկրիը լքում են, որովեհտև ապագայի հույս չունեն: Ըստ նրա, հարկային, բանկային, համակարգը պետք է փոխվի, որ դրսից եկողն այստեղ գումար ներդնի ու չվախենա, որ այն կկորցնի: Արդյո՞ք այդ վստահության երաշխիքը չկարողացավ ապահովել գործող կառավարությունն ու իշխող կուսակցությունը՝ այս հարցին Ծառուկյանը պատասխանեց՝ զանգեք այլ երկրներ ու հարցրեք՝ վստահությունն ի՞նչ է․ «Մեր երկրում մինչև ներդրումներ չլինեն, վստահություն չլինի, չի կարող զարգանալ [երկիրը]:

Գագիկ Ծառուկյանն այսօր 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց բնապահպանության նախարարությանը: «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ու բնապահպանության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Միջոցառման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Ծառուկյանին ներկայացնում էր որպես «բնության մեծ սիրահար»: Միջոցառման ավարտին Ծառուկյանին հարց տվեցինք՝ բնության սիրահարն անազատության մեջ առյու՞ծ է պահում: «Եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես, այդպիսի առյուծներ աշխարհում չկան, քաշը՝ կես տոննա»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG