Մատչելիության հղումներ

Բազմաթիվ հայաստանցիներ շարունակում են «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել ՌԴ, «ապրելու հնար չկա»


ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրին դիմելու է եկել մարդկանց հերթական խումբը, Երևան, արխիվ

Արդեն ավելի քան 10 տարի է՝ Երևանի Մանուշյան-72 հասցեում գտնվող ՌԴ միգրացիոն ծառայության գրասենյակի մոտ ամեն օր վաղ առավոտից մարդիկ են հավաքվում: Ավելի լավ կյանք փնտրելու ակնկալիքով նրանք «Հայրենակիցներ» ծրագրի միջոցով փորձում են հեռանալ Հայաստանից` չվախենալով անգամ Ռուսաստանի ամենահեռավոր ու ցուրտ շրջաններում ապրելու և աշխատելու հեռանկարից:

Այսօր սովորականի պես մարդկանց մեծ խումբ էր հավաքվել նշված հասցեում: Ոմանք պարզապես հետաքրքվելու համար էին եկել, ոմանք էլ՝ արդեն վերջնական պատասխան ստանալու: Քչերը համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց խնդիրների մասին, բայց գրեթե բոլորը պնդում էին՝ լավ կյանքից չէ, որ դիմում են այդ ծրագրին: «Էստեղից հաստատ ավելի լավ կլինի», «ինձ ստեղ չորրորդ սորտի մարդ եմ զգում», «ապրելու հնարավորություն չկա», ասում էին ծրագրի հավակնորդները:

Ռուսաստանի միգրացիոն ծառայության՝ 2007-ից ի վեր գործող «Հայրենակիցներ» ծրագիրն օգնում է ԱՊՀ երկրների քաղաքացիներին՝ ընտանիքներով Ռուսաստան տեղափոխվելու հարցում: Վճարվում է ճանապարհածախսը, առաջարկվում է աշխատանք, իրավաբանական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն, նախնական գումար, կացարան, ցանկության դեպքում՝ նաև ՌԴ քաղաքացիություն:

Դիմողների թիվն այնքան մեծ է, որ մինչև տարեվերջ գրասենյակն այլևս նոր հայտեր չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասում էին հուսահատ քաղաքացիները․ «2018-ի դեկտեմբերից նոր պիտի ընդունեն», «ջահել են, ոչ մի գործ չկա, որ աշխատում են՝ կոպեկ կոպեկ, չի հերիքում»: Երիտասարդ մի կին շատ տխուր էր, երբ դուրս եկավ գրասենյակից: Հրաժարվեց ներկայնալ ու խոսել տեսախցիկի առջև, միայն ասաց՝ մերժել են, երկրաբան-մանկավարժի կարիք չունեն: Մերժում ստացած մի քանի երիտասարդ էլ ասացին՝ «պահանջները շատ բարձր են․ բարձրագույն կրթությունից բացի նաև աշխատանքային փորձ են ուզում»:

Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում ԱՊՀ անդամ երկրներից գրեթե 600 հազար մարդ է մեկնել և բնակություն հաստատել Ռուսաստանում: Հայաստանից մեկնողների թիվն այդ ցուցանիշի 7,2 տոկոսն է կազմում: 4 տարի առաջ՝ 2014 թվականին Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվել ծրագրին դիմածների ընդհանուր թվի 6,4 տոկոսը (6 հազար 784 մարդ):

Այս ծրագրի շուրջ Հայաստանում աղմուկ էր բարձրացել դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք: «Մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայերի, որոնք կվնասեն մեր շահերին»,- «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել էր Սարգսյանը: Տարբեր առիթներով նախկին վարչապետը նաև նշում էր, թե կառավարությանը մտահոգել է «Հայրենակիցներ» ծրագիրը:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանն ասաց, թե իր ղեկավարած կառույցն այդ ծրագրի հետ առնչություն չունի: Եգանյանի խոսքով՝ ամեն երկիր իր շահերին համապատասխան քաղաքականություն է իրականացնում, ռուսական կողմն էլ իր հարցերն է լուծում:

Եգանյանն ընդունում է՝ եթե մեր երկրում լավ պայմաններ լինեին, մարդիկ չէին արտագաղթի: Հարցին՝ իսկ ինչու՞ իշխանությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, նա արձագանքեց՝ ժամանակ է պետք: Հարցին էլ՝ ինչպե՞ս կարելի է այս պայմաններում 4 միլիոն բնակչություն ապահովել, Եգանյանը պատասխանեց․ «Այդ կապակցությամբ նաև կառավարությունը պետք է համապատասխան գործողությունների ծրագիր մշակի, իհարկե՝ դա դյուրին չի լինելու»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է՝ երբ 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ապահովելու հավակնություն ունեցող իշխանությունն անգամ հստակ ծրագիր չունի, թե ինչի հաշվին է ավելացնելու բնակչության թիվը, այն չի էլ կարող հանրությանը ներկայացնել, թե ինչպես պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի արտագաղթը կանխելու համար: Սոցիալական անարդարության մթնոլորտում այլ պատկեր, ըստ ազգագրագետի, հնարավոր չէ այսօր տեսնել:

«Ես այս պահին չեմ կարող կանխատեսել, թե երբ իշխանությունում կկատարվի այն հրաշք փոփոխությունը, որ դուք, ես, իմ հարևանը և օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը նույն՝ հավասար իրավունքի դաշտում լինենք: Այդ ժամանակ ինձ համար հասկանալի կլիներ այն ծրագրավորումը, որը կարող էր նաև բնակչության թվի վրա ազդել: Մեր երկիրը ծրագիր չունի, մեր երկիրը նման է այն ընտանիքին, որտեղ հարբեցող հայրը երեկվա մնացած հացի փշրանքները առնում, գողացած գնում է»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG