Մատչելիության հղումներ

Մոգերինին Մամեդյարովի հետ հանդիպումից հետո խոսել է ԼՂ խնդրի և ժողովրդավարության մասին


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը: Այսօր այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

«Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր զարգացում է, և մենք կուզենայինք, որ կողմերը հետևեն իրենց պայմանավորվածություններին՝ բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկներին»,- ասել է Մոգերինին:

Էլմար Մամեդյարովն, իր հերթին, հայտարարել է՝ ղարաբաղյան հարցն Ադրբեջանի ամենամեծ մարտահրավերն է: Կարգավորման առնչությամբ էլ Մամեդյարովը դարձյալ հիշատակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

«Մենք ընդունում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, և այդ կարգավորումը նախ և առաջ պետք է հիմնված լինի իմ երկրի տարածքային ամբողջականության վրա, ինչը նշված է ՄԱԿ-ի անվտանգության խորհդի չորս բանաձևերում․ դրանց պետք է բոլոր անդամ երկրները հետևեն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ավելի վաղ ֆրանսիական Le Journal Du Parlement պարբերականին տված հարցազրույցում Մամեդյարովը դժգոհել էր ԵԱՀԿ Մինսկի խմբից ու պնդել, թե Ադրբեջանը համանախագահներից առավել վճռական և գործուն քայլեր է ակնկալում: «Անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ճնշում գործադրել՝ հայկական ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու համար»,- ասել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ընդգծելով․ «Դրանից հետո արդեն հնարավոր է առաջընթացի հասնել բանակցային գործընթացում»

Ֆրանսիական մամուլի հետ զրույցում Մամեդյարովը նաև նշել է, թե այժմ բանակցություններում նկատվում է ինտենսիվություն, հստակություն և տրամաբանական հաջորդականություն, խուսափելով հավելյալյ մանրամասներ ներկայացնելուց:

Ղարաբաղյան խնդրից բացի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եվրոպական կողմն այսօր բարձրացրել է նաև ժողովդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ապրիլին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է՝ դա շատ կարևոր է Բրյուսելի համար:

«Այսօր մենք քննարկեցինք ժողովրդավարությանը, օերենքի գերակայությանը և մարդու իարվունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Սա մեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքն է, Եվրամիությունը մշտապես ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի: Սա նշանակում է՝ հաշվի առնել այն խորդհուրդները, որ տրվել են ընտրությունների կազմակերպման, հանրահավաքների ու մամուլի ազատության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարության համար և կշարունակենք մեր աջակցությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Այս հանդիպման նախօրեին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը և Amnesty International-ը, Եվրամիության պաշտոնյաներին կոչ էին արել Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման օրակարգի առանցքային հարց դարձնել այդ երկրում ընդդիմության դեմ հալածանքերի ու մարդու իրավունքների ոտնահարման թեման:

«Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները վտանգի տակ են դնում ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը»,- հայտարարել էր Amnesty International կազմակերպությունը:

Այսօր Մոգերինի-Մամեդյարով հանդիպումից ու Եվրամիություն-Ադրբեջան խորհրդի հերթական նիստից հետո կողմերը միայն ամփոփիչ հայտարարություններ արեցին, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց, ըստ պաշտոնյաների՝ ժամանակի սղության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG