Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը կսրի ներքաղաքական իրավիճակը․ Փաշինյան


Նիլկոլ Փաշինյան, արխիվ

Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է Հայաստանում սրել ներքաղաքական իրավիճակը: Այս մասին այսօր խորհդարանում, «Ներման մասին» օրինագծի քվեարկությունից առաջ, հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով՝ Հանրապետականից այդպես էլ չեն հերքել երեկ և այսօր այդ մասին իր արած պնդումները։

«Այս հարցերի քննարկման ընթացքում ես, ըստ, էության, պնդում արեցի, որ Հանրապետական կուսակցությունն արդեն դե ֆակտո ներքին որոշում ունի, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու է որպես վարչապետի թեկնածու, և դա, ըստ էության, չհերքվեց: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրում անել՝ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է Հայաստանում կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը»,- հայտարարեց Փաշինյանը:

Սահմանադրության դեռևս գործող կարգավորումներով՝ դատապարտյալներին ներում է շնորհում Հանրապետության նախագահը: Փոփոխված Սահմանադրության՝ ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող համապատասխան դրույթը ևս նախագահին է վերապահում ներում շնորհելու իրավունքը, սակայն նաև ամրագրում է՝ հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով է լուծում դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

Այսօր Հանրապետական խմբակցության և «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորների կողմ քվեների օգնությամբ առաջին ընթերցմամբ ընդունված այդ օրինագծի համաձայն՝ վարչապետին է տրվում ներման խնդրագիր գրած անձին ներում շնորհելու կամ մերժելու մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու իրավասությունը:

Ըստ այդմ՝ խնդրագիրը նախ պետք է ուսումնասիրի նաև վարչապետի ստեղծած Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը, որի եզրակացությունը, սակայն, վարչապետի համար խորհրդատվական բնույթ ունի։ Այս, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի մասին օրինագծում փոփոխությունները, որոնք խորհրդից դուրս են թողնում հանրապետության նախագահին և Ազգային ժողովի խոսնակին, «Ելք» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ Հայաստանը դարձնում են սուպերվարչապետական երկիր, սուպերվարչապետի պաշտոնն էլ նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի համար: Խմբակցությունը երկու օրինագծերին էլ դեմ քվեարկեց:

«Ելքից» Արտակ Զեյնալյանն ասաց․ «Ներում շնորհելու լիազորությունը Սահմանադրությամբ տրված է հանրապետության նախագահին, սակայն, այս նախագծով, ըստ էության, իմաստազրկվում է այդ ինստիտուտը և ձևական բնույթ են կրում նախագահի լիազորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG