Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները սատարում են գործադուլավոր փաստաբաններին


«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյան, արխիվ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյան, արխիվ:

Փաստաբաններն այսօր՝ արդեն 2-րդ օրը, շարունակեցին գործադուլը ողջ երկրում՝ պահանջելով, որ խորհրդարանը չքվեարկի Կառավարության առաջարկած օրեսդրական փաթեթի օգտին, որի համաձայն դատավորները հնարավորություն կստանան տուգանելու փաստաբաններին և դատախազաներին։

Օրենսդրական այս նախագիծն այսօր խիստ քննադատեց նաև ընդդիմությունը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյան․ - «Պատկերացրեք, դատավորը վիրավորվեց, սուբյեկտիվ ընկալմամբ ինքը վիրավորվեց: Ինքը միանգամից իրականացնում է նախաքննություն, որոշում է, որ մեղավոր է, մեղադրական եզրակացությամբ դիմում է ինքը իրեն և ինքը դատապարտում է: Ինչո՞ւ եմ ասում դատապարտել: 100 հազար դրամի տուգանքը, անկախ նրանից մենք ինչ ենք դրա անունը դնում, դա իր բնույթով քրեական մեղադրանք է, քրեական պատիժ է: Եվ այստեղ պիտի լինեն այն բոլոր երաշխիքները, որ նախատեսված են քրեական պատասխանատվությունից պաշտպանվելու համար: Սա հակասահմանադրական օրենք է, սա հակասում է Կոնվենցիային և արդար դատաքննության իրավունքին: Մենք եթե այսօր սա ընդունելու ենք, վաղը դատավորները, դա կիրառելու են, Եվրոպական դատարանում մենք պարտություններ ենք ունենալու»:

«Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պետք չէ թույլ տալ, որ Կառավարությունը փաստաբաններին տուգանելու հարցը դարձնի, «պրինցիպի հարց»․ - «Փաստաբանների անկախության հետ կապված խնդիր կա: Դատավորը չի կարող, լինելով կողմ, սանկցիա կիրառել և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Խնդիրներ կան: Հորդորում եմ չդնել քվեարկության և սա չսարքել Կառավարության պրինցիպի և սկզբունքի հարցը, նորից քննարկել շահառու և շահագրգիռ բոլոր կողմերի հետ»:

«Ելք» խմբակցությունը ներկայացող Էդմոն Մարուքյանը վստահ է, որ այդ գործիքը դատարանները չարաշահելու են․ - «Որովհետև այսօր մեր դատական իշխանությունը պատրաստ չէ նման իշխանություն ստանալու: Եվ այդ իշխանությունը մենք տալիս ենք, որ ի՞նչ անեն: Տալիս ենք, որ չարաշահեն: Չարաշահելու նպատակն ու իմաստը ո՞րն ա․ փաստաբանությանը հարված հասցնելը»:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչները երեկ և այսօր հանդիպել են խորհրդարանի բոլոր խմբակցությունների անդամներին, ներկայացրել իրենց տեսակետը օրեսդրական նախաձեռնության վերաբերյալ և հորդորել չքվեարկել դրա օգտին։

Պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը գոհ է ընդդիմադիր խմբակցությունների հետ իր հանդիպումից, իսկ Հանրապետականի հետ քննարկմանը չի շտապում անդրադառնալ․ - «Հանդիպում եղավ, քննարկում եղավ: Արդյունքը ես կփորձեմ գնահատել միայն հետևանքով: Եթե Ազգային ժողովում քննարկվի և ընդունվի, ապա կստացվի, որ մեր հանդիպումը ՀՀԿ-ի հետ հաջող չի ընթացել»:

Արդեն 2 օր պալատում ժողովների հավաքվող փաստաբանները, Զոհրաբյանի խոսքով, վճառական են տրամադրված, կդիմեն պայքարի ամենատարբեր քայլերի, կարող են գնալ մինչև Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Վաղը եթե փաստաբանները որոշեն, որ պետք է երթով ինչ-որ նամակ տանեն, կամ ինչ-որ հայտարարություն հնչեցնենք, ապա մենք դա կանենք: Եթե ի վերջո ստորագրվի, ապա մենք ունենք այս հարցը Սահմանադրական դատարան հասցնելու հնարավորություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով»:

Զոհրաբյանն ասաց, թե դատական նիստերը երեկ և այսօր կկայանային, եթե Կառավարությունը նախագիծը մշակելիս հաշվի նստեր փաստաբանների համայնքի հետ: Արդարադատության նախարարությունը ոչ միայն չի հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ փաստաբաններին տուգանելու լծակ տալ դատավորներին, այլև հարկ չի համարել փաստաբանների հետ քննարկել օրենսդրական այս փաթեթը․ - «Փաստորեն ինչ որ հիմա կատարվում է, այդ անտեսման արդյունքն է»:

Արա Զոհրաբյանի ընդդիմախոսների կարծիքով, պալատի ղեկավարը իր իսկ գործողությունների հետևանքով բազմաթիվ թելերով կախված է իշխանություններից, և եթե նա իսկապես անկախ լիներ, իշխանությունները չէին կարողանա փոփոխությունների այս փաթեթը հասցնել խորհրդարան, և նախագիծը դեռ չշարադրված կտապալվեր։

Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց․ - «Պատկերացրեք, մենք հիմա պայքարի մեջ ենք, և ամրոցի ներսից մի քանիսը գոռում են, որ մեր պալատը թույլ է, որ մեր այս պարիսպը թույլ է, այս դարպասը թույլ է․․․ Ես կարծում եմ, դա հաստատ մեր հակառակորդներին ավելի ագրեսիվ քայլերի մղելու առիթ կտա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG