Ամերիկյան զինուժը դաշնակիցերի հետ անցած գիշեր իրականացրած գործողության ընթացքում Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 100 զինվոր է սպանել, երբ վերջիններս, ըստ պաշտոնական հաղորդագրության, լայնածավալ հարձակում են սկսել քրդական խմբավորումների դեմ: Կոալիցիոն ուժերի տարածած հայտարարության համաձայն, Ասադի բանակը նախահարձակ է եղել 500 հարյուր զինվորներով ու ծանր զինտեխնիկայով՝ փորձելով քրդերից մաքրել Եփրատի արևելքում ընկած տարածքը:
Արևմտյան կոալիցիան, ըստ նույն հաղորդագրության, ետ է շպրտել հարձակումը և այժմ էլ զգուշացնում է՝ այսուհետ ևս պաշտպանելու է իր դաշնակիցներին, որոնք արդեն մի քանի տարի է ՆԱՏՕ-ի զորքերի հետ պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկչների դեմ:
Ընդ որում, այս զգուշացումն անուղղակիորեն հասցեագրված է նաև Թուրքիային, որն արդեն շուրջ երեք շաբաթ է՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ: Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը, ով անձամբ է եղել այդ շրջաններում ու զրուցել ամերիկացի զինվորականների հետ, պնդում է՝ չի բացառվում, որ առաջիկայում Միացյալ Նահանգների ու Թուրքիայի տարաձայնություններն այս հարցում վերաճեն զինված առճակատման:
«Մենք շատ հպարտ ենք, որ այստեղ ենք և ուզում ենք, որ դա բոլորը գիտակցեն»,- թերթին ասել է Մանբիջում ծառայող ամերիկացի գեներալներից մեկը: Թղթակիցը հետաքրքրվել է՝ իսկ եթե Թուրքիայի համար այդ ուղերձը հասկանալի չլինի՞: «Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, մենք էլ ագրեսիվ հակահարված կտանք, մենք կպաշտպանեք ինքներս մեզ»,- ի պատասխան, նշել է Սիրիայում ամերիկյան ուժերի հրամանատար՝ գեներալ Փոլ Ֆանքը:
«Ժամանակին Սիրիայի հյուսիսային այս շրջանները գտնվում էին «Իսլամական պետության» ահաբեկիչների հսկողության տակ, սակայն, Միացյալ Նահանգները, դաշնակից ուժերի և քրդերի աջակցությամբ, մեկ տարի առաջ ազատագրեց այն»,-փաստում է «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը, հավելելով․ «Թուրքիան այժմ ուզում է, որ ամերիկյան զինուժը դուրս գա՝ իր հետ տանելով քրդերին: Վաշինգտոնը մերժում է դա, ինչը կարող է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև աննախադեպ ռազմական բախման պատճառ դառնալ»:
Շաբաթասկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին սուր քննադատության էր ենթարկել Դաշնակից ԱՄՆ-ին, հրապարակավ պնդելով, թե Ամերիկան դրժում է Թուրքիային տված խոստումներն ու Անկարայի շահերին հակասող քաղաքականություն է վարում:
«Պարոն Օբաման չասաց ճշմարտությունը, Թրամփը ևս շարունակում է այդ ուղին: Դուք խոստանում էիք դուրս բերել զորքերը [Սիրիայի հյուսիսային] Մանբիջ քաղաքից: Ինչո՞ւ եք մինչև հիմա այնտեղ, ո՞ւմ եք բերել այդ քաղաք, Քրդական դեմոկրատական կուսակցության զինյաների՞ն: Մենք կմտնենք Մանբիջ և կվերադարձնենք այն իր իրական տերերին»,- ասել էր Էրդողանը:
Ամերիկյան կողմը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ քրդերը ոչ միայն ահաբեկիչներ չեն, այլև մեծ ներդրում են ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Մինչ նրանց հաստատվելը, այս տարածքներում ահաբեկիչներն էին իրենց խալիֆայությունը հաստատել»,- թերթին ասել է Սիրիայում ամերիկյան ուժերի հրամանատարը, ընդգծելով՝ «որևէ մեկը չէր կարող դա անել, սակայն քրդերը կարողացան ահաբեկիչներից ետ գրավել Ռաքքան, ինչը նրանց իրավունք է տալիս այսօր նստել բանակցային սեղանի շուրջ»:
Ամերիկյան մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ Washington post-ի վերլուծաբանն էլ փաստում է․ «Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի համարձակ դաշնակիցններն են, որոնց լքելը շատ սխալ կլինի: Մյուս կողմից, սակայն, չի կարելի թույլ տալ, որ այս թեժացած հակամարտությունն ավելի խորանա: Ամերիկյան զինուժն արեց իր գործը, հիմա անզիջում դիվանագիտությւան հերթն է»: Washington post-ը նաև տեղեկացնում է՝ այս հարցերը քննարկելու համար շաբաթավերջին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը կմեկնի Թուրքիա: