Սպորտի հարցերով միջազգային արբիտրաժային դատարանը ռուսաստանցի որակազրկված մարզիկների բողոքարկման հայցով վճիռը կըհրապարակի Փհենչանում (Հարավային Կորեա) Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունից 9 ժամ առաջ:
Այդ մասին հաղորդել է դատարանի գլխավոր քարտուղար Մեթյու Ռիբը: Նրա փոխանցմամբ, որոշման հրապարակումը նախատեսվում է Փհենչանի ժամանակով առավոտյան ժամը 11-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին):
Դեկտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Ձմեռային խաղերին: Որոշումը պատճառաբանվել է Ռուսաստանում «Սոչիի 2014 թվականի Ձմեռային օլիմպիադային նախորդող ժամանակաշրջանում խթանիչների աննախադեպ համատարած և պետության աջակցությամբ համակարգված օգտագործման» հանգամանքով:
ՄՕԿ-ը հաղորդել է, որ խթանիչներ չօգտագործած ռուսաստանցի մարզիկները կարող են Օլիմպիադային մասնակցել միայն ՄՕԿ-ի դրոշի ներքո: Նրանց հաղթանակի դեպքում Ռուսաստանի օրհներգը չի հնչի և պետական դրոշը չի բարձրացվի: