Մատչելիության հղումներ

«Հայաստանում և Ադրբեջանում սպասվող առաջիկա փոփոխությունները ԼՂ խնդրի հետ կապ չունեն»


ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Առաջիկա ապրիլին Հայաստանում սպասվող՝ պետական կառավարման համակարգի փոփոխություններից, իսկ Ադրբեջանում նախանշված արտահերթ նախագահական ընտրություններից հետո արդյո՞ք ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան: Պատասխանելով այս հարցին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կարծիք հայտնեց, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հիշեցնենք՝ այդ պայմանավորվածություններով, մասնավորապես, նախատեսում են շփման գոտում վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծում:

Ապրիլի 9-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Հայաստանը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգի, որի պայմաններում գործադիր իշխանությունը գլխավորելու է վարչապետը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երեք օր առաջ ստորագրեց մի հրամանագիր, ըստ որի, այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելու:

Նախագահական հերթական ընտրություններն Ադրբեջանում պետք է տեղի ունենային այս տարվա աշնանը՝ հոկտեմբերի 17-ին: «Եթե մենք խոսում ենք բանակցային գործընթացում իրական առաջընթացի մասին, դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք նախատեսվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով: Բոլորի համար ակնհայտ է, որ առանց դրա, առանց վստահության մթնոլորտի, առաջ շարժվելը գրեթե անհնարին է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ ղարաբաղյան բանակցությունները չպետք է կապել Ադրբեջանում նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնելու՝ Ալիևի որոշման հետ: Մինչդեռ, որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, թե Ադրբեջանի ղեկավարը շտապում է արագորեն ավարտին հասցնել նախագահական ընտրությունները, որպեսզի արդեն այս ամառ ակտիվորեն զբաղվի ղարաբաղյան խնդրով:

Շավարշ Քոչարյանն այս առնչությամբ նկատեց․ «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները: Այնտեղ ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է, այնպես որ՝ ես առաջին հերթին Ադրբեջանում ընտրություններն ավելի շուտ անցկացնելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե՝ հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է՝ դա ևս կարող է ունենալ իր ազդեցությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ժամանել են Երևան: Նրանց արդեն ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսվում է միջնորդների հանդիպումը նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանից Համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու տեղի իշխանության ներկայացուցիչներին: Երեկ Բաքվում Շեֆերը, Պոպովը և Վիսկոնտին հանդիպում էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այսօր Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հանդիպումների արդյունքներով կտարածվեն ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների հայտարարությունները, ինչից հետո «կկարողանանք տալ համապատասխան մեկնաբանություններ»: Փոխարտգործնախարարն, այդուհանդերձ, խորհուրդ տվեց համեմատել առաջիկա հայտարարություններն ու արձանագրել՝ ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը և ինչ է ասել Ադրբեջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG