Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Ռեյտինգային ընտրակարգը ընտրական օրենսդրության հետ կապված խնդիրներից ամենակարևորն է


Դանիել Իոաննիսյանը «Ազատության» եթերում, արխիվ
Դանիել Իոաննիսյանը «Ազատության» եթերում, արխիվ

Ընտրական օրենսդրության կարևորագույն խնդիրներից է ռեյտինգային ընտրակարգը, որը, ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի, թաղային հեղինակությունների համար դռներ է բացում դեպի խորհրդարան:

Թեպետ Հայաստանը մոտ ժամանակներս չի պատրաստվում համապետական ընտրությունների, ընտրական կարգը փոխելու ցանկություն են հայտնել խորհրդարանում ներկայացված ուժերից մի քանիսը: Երեկ էլ ՀՅ Դաշնակցությունը և «Ծառուկյան» դաշինքը առաջարկում էին հրաժարվել այս ընտրակարգից՝ ընդգծելով, որ դա հակաժողովրդավարական կարգ է և նաև նպաստում է ընտրակաշառքի տարածմանը:

Ընտրությունները դիտարկող կազմակերպության ներկայացուցիչ Իոաննիսյանը ևս «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունները փոխանցեց՝ մասնավորապես նշելով․ - «Մարդիկ ինչ-որ թաղային հեղինակության ուզում են քվե տան՝ այս կամ այն պատճառով, այսինքն՝ բոլորին հասկանալի, հայտնի պատճառներով, և դրա համար մարդիկ քվեարկում են կուսակցությանը՝ հաճախ չգիտակցելով, որ դրանով մեխանիկորեն իրենք քվե են տալիս տվյալ կուսակցությանը, ով որ առաջադրել է այդ թեկնածուին»:

Իոաննիսյան հետևյալ դիտարկումը ներկայացրեց․ - «Մենք նաև ընտրությունների պաշտոնական արդյունքների վերլուծության սահմաններում նայում էինք, թե որ կուսակցությանը քվե տվողների քանի տոկոսն է, որ նաև ռեյտինգային ընտրակարգով է քվեարկել, և ամենաբարձր ցուցանիշը Հանրապետական կուսակցության մոտ էր՝ համարյա 100 տոկոսը, 99․7, եթե ես հիմա չեմ սխալվում, ովքեր քվեարկել էին Հանրապետական կուսակցությանը, նաև ռեյտինգային ընտրակարգով էին քվեարկել: Ընդդիմադիրների մոտ այդ ցուցանիշը շատ ավելի ցածր էր: Եվ այստեղ նկատվում էր, որ մարդկանց համար, երբ իրենք քվեարկում էին ընդդիմադիր կուսակցության օգտին, կարևոր է, որ իրենք քվեարկում են այս կուսակցությանը, և թե որ ռեյտինգային թեկնածուին են իրենք քվե տալիս, իրենց համար այդքան էլ կարևոր չէ, որովհետև ընդդիմադիրների ռեյտինգային թեկնածուները, որպես կանոն, թաղային հեղինակություններ չէին»:

Հարցին, թե իր կարծիքով՝ կարիք կա՞ տվյալ կետը փոխելու, Իոաննիսյանը արձագանքեց․ - «Դեռևս երկու տարի առաջ, երբ մենք արձանագրեցինք հինգ ամենակարևոր խնդիրները ընտրական օրենսդրության, սա, եթե չեմ սխալվում, երրորդն էր: Իմ կարծիքով՝ սա ամենակարևորն է, որովհետև մնացած մասով օրենսդրությունը այդքան էլ վատը չէ՝ իմպլեմենտացիան է որոշ տեղերում խնդրահարույց․ ընտրակաշառքը արգելված է՝ ամեն դեպքում է արգելված, էստեղ մենք իմպլեմենտացիայի հետ խնդիր ունենք, թե որքանով է, ենթադրենք, իրավապահ համակարգը պայքարում իրապես ընտրակաշառքի դեմ: Բայց այս դեպքում, հենց օրենսդրական առումով, սա լրջագույն խնդիրն է»:

«Այսինքն, ես կարող եմ համարյա վստահ քաղհասարակության անունից ասել, որ եթե քաղհասարակությանը հարցնեք, թե որն է այն մի բանը, որը Ընտրական օրենսգրքում պետք է փոխվի, միաձայն պատասխան կստանաք, որ դա ընտրակարգն է, որ պետք է անցում կատարվի սովորական համամասնական ընտրակարգին», - հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG