Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի որոշ կարգավորումներ:
«Նախագծով փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում՝ բացօթյա կամ փակ, այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել: Դրանից բացի, նախագծում հստակ ամրագրված չեն բացառություններ, օրինակ՝ կապված զվարճանքի օբյեկտներում կամ այդպիսի վայրերում ծխողների համար տարածքներ առանձնացնելու հետ», - իր հաղորդագրությունում նշում է օմբուդսմենի գրասենյակը՝ շարունակելով․ - «Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելքը»: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, օրինակ, եվրոպական երկրների մեծ մասը ծխախոտի օգտագործման «բացարձակ արգելքին» հասել է աստիճանական արգելքների միջոցով: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրների օրենքներ առ այսօր նախատեսում են ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման հնարավորություն»։
«Հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ անթույլատրելի բարձր են նաև ծխախոտի օգտագործման կանոնների խախտման պարագայում առաջարկվող տուգանքների չափերը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը», - ասված է հաղորդագրությունում:
Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է ծխախոտի ներմուծման դեպքում 800 հազար դրամի չափով տուգանք կիրառել, եթե ծխախոտի նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցվել է։ «Այս դրույթով նախատեսվող տուգանքի նշանակման չափը ոչ միայն անթույլատրելի բարձր է, այլ նաև նախատեսված չեն անձնական օգտագործման ծխախոտի ներմուծման պարագայում բացառություններ։ Կարող է ստացվել, որ այդպիսի բացառության բացակայության պարագայում տուգանք կարող է նշանակվել նաև, ասենք, անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված, սակայն նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտի համար», - ընդգծում է օմբուդսմենի գրասենյակը:
Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր նկատառումները ներկայացվել են առողջապահության նախարարություն։