Մատչելիության հղումներ

Ռահմոնը պատրաստվում է Տաջիկստանի նախագահի պաշտոնը «ժառանգել որդուն»


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որով նվազեցվում է երկրի նախագահի թեկնածուի տարիքային շեմը: Նախկին 35-ի փոխարեն՝ այժմ 30 տարին լրացած անձը կարող է հավակնել նախագահի թեկնածու դառնալուն:

Այս հնարավորությունը, սակայն, ինչպես նկատում են փորձագետները, լայն հանրությանը չի վերաբերում: Ենթադրվում է, որ փոփոխություն նպատակն է հնարավորություն տալ երկրի ղեկավարին ավագ որդուն՝ Ռուստամ Էմոմալիին նախագահ դառնալու ցանկության դեպքում չսպասել մինչև 35 տարեկանը: Այս տարի լրանում է Ռուստամ Էմոմալիի 31-ամյակը, իսկ հոր՝ 65: Նախագահի պաշտոնում Էմոմալի Ռահմոնը 1994 թվականից է, իսկ մինչ այդ Տաջիկստանը ղեկավարել է Գերագույն խոհրդի նախագահի պաշտոնում:

Տաջիկստանում վաղուց են խոսում այն մասին, որ 26 տարի անընդմեջ երկիրը ղեկավարող Էմոմալի Ռահմոնը պատրաստվում է պաշտոնը ժառանգել որդուն, ով անցած տարի ստացել է գեներալի կոչում և նշանակվել Դուշանբեի քաղաքապետ՝ այդպիսով դառնալով ԱՊՀ երկրների մայրաքաղաքների ամենաերիտասարդ քաղաքապետը: Իսկ մինչ այդ 26 տարեկանից սկսած Ռուստամ Էմոմալին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ղեկավարել է Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը, Ֆուտբոլի ֆեդերացիան, ապա նաև դարձել կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր առաջամարտիկ:

Տաջիկստանի նախագահական ընտանիքում միայն տղամարդիկ չէ, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ռահմոնի ավագ դուստրը՝ մասնագիտությամբ իրավաբան 40-ամյա Ուզուդա Ռահմոնը, զբաղեցնում է նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, վերջերս նրան շնորհվել է արդարադատության պետական խորհրդականի կոչում, որը համարվում է ամենաբարձրը դատաիրավական համակարգում: Ուզուդա Ռահմոնը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև երկրի դիվանագիտական գերատեսչությունում, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Նախկինում կոլտնտեսության նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: 1992 թվականին հետխորհրդային ամենաաղքատ այս երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռահմոնը, ում իշխանությունն աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, 2015-ին արժանացել է «Ազգի առաջնորդի» կոչման և ցմահ ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG