Մատչելիության հղումներ

«Ես չեմ ասել՝ ոտքով ման եկեք»․ Վարչապետն ԱԺ-ում անդրադարձավ վառելիքի թանկացմանը


Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ վարչապետն անդրադարձավ բենզինի, գազի և դիզվառելիքի գների բարձրացմանը՝ պնդելով, որ այդ 3 ապրանքատեսակների թանկացումը գնագոյացման վրա չի ազդել:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում վստահեցրեց՝ ինքը բենզինի և գազի թանկացման հետ կապված քաղաքացիներին «ոտքով ման գալու» խորհուրդ չի տվել: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ վարչապետն անդրադարձավ բենզինի, գազի և դիզվառելիքի գների բարձրացմանը, պնդելով՝ այդ 3 ապրանքատեսակների թանկացումը գնագոյացման վրա չի ազդել, քանի որ բենզինով փոխադրումներ չեն կատարվում, Հայաստանի ավտոտրանսպորտի 75 տոկոսն օգտվում է գազից, գազի թանկացումն էլ լավ չէ, բայց նորություն չէ մեր քաղաքացիների համար, քանի որ 2 տարի առաջ էլ նույն գներն էին:

«Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ էլ ապրանքի: Որևէ մեկը բենզինով չի փոխադրում: Ինչպես մեր գործընկերներն ասացին՝ վարչապետն ասում ա՝ ով չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել: Գազի հետ կապված՝ վերականգնել ենք այն իրավիճակը, որը 2015-ին էր, և մենք 2015-ից երկար ժամանակ այդ հարաբերությունների մեջ ենք եղել, ու տրանսպորտի գները նույնն են եղել: Դիզելն ավելի լավ պայման է այն բիզնեսի համար, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Թանկացում հնարավոր է գյուղատնտեսության մեջ, դա սուբսիդավորում ենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Դաշնակցական պատգամավորը մեկ այլ հարց ուղղեց՝ արդյո՞ք վառելքի գների աճի պատճառն այն չէ, որ այդ ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվում է ընդամանը 3 ընկերություն, որոնք, ի դեպ, զբաղվում են նաև մանրածախ վաճառքով: Կյուրեղյանը շարունակեց՝ ինչու՞ չեն փորձում ընդլայնել շուկան, թույլ տալով Հայաստան մուտք գործել նաև այլ ընկերությունների, օրինակ՝ «Բրիթիշ Պետրոլիումին»:

Վարչապետն արձագանքեց՝ դա կառավարության քաղաքականության հետ կապ չունի և պայմանավորված է շուկայի գրավչությամբ: «Գաղտնիք չէ, որ մեր շուկան բավականին փոքր է և խոշոր խաղացողների համար հրապուրիչ չէ»,- ասաց Կարապետյանը: Խոսելով գնաճի հետ կապված հարցերի մասին, վարչապետը կրկին շեշտեց՝ Հայաստանում գնաճի ցուցանիշն ընդամենը 2,6 տոկոս է՝ «ամենացածրը տարածաշրջանում», իսկ արձանագրված 7,7 տոկոսի տնտեսական աճն «ամենաբարձրն է տարծաշրջանում, ԱՊՀ-ում ու անգամ` Եվրոպայում»:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներդրումների հետ կապված հարց ուղղեց, հիշեցնելով՝ վարչապետը մեկ տարի առաջ կոչ էր արել Սփյուռքին՝ գալ Հայաստան ու ներդրումներ անել: Ի՞նչ արդյունք կա, հատկապես հաշվի առնելով, որ կոչի իմաստը Հայաստանում նոր փոփոխությունների մասին ազդարարելն էր, հետաքրքրվեց Մարուքյանը:

«Ես իրոք կոչ եմ արել: Թե դրան ինչքան են արձագանքել, մենք վիճակագրությունը ձեզ կներկայացնենք այս ամսվա ընթացքում»,- պատասխանեց վարչապետը: Մարուքյանի հաջորդ հարցին՝ Մոսկվայի նկատմամբ սահմանված ամերիկյան սանկցիաների համատեքստում ի՞նչ հնարավոր վտանգներ կան ենթադրաբար Ռուսաստանից սպասվող ներդրումների իրականացման հետ կապված, վարչապետը պատասխանեց․ «Նախ բոլոր ներդրումները չեն, որ Ռուսաստանից են, իսկ եթե ծրագրերի կոնկրետ օրինակներ եք ուզում, կարծում եմ՝ սա էդ ամբիոնը չի, ծրագրերը բազմաթիվ են»:

«Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է վարչապետը մեկ տարի շարունակ կառավարության նիստերը դռնբաց անցկացրել [ինչը տեղի է ունեցել նաև անցած 10 տարիների ընթացքում], երբ, պատգամավորի հիշեցմամբ՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բաց ռեժիմը հակաժողովրդավարական է համարել: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով, հիշեցնենք՝ նախատեսվում է առաջիկա ապրիլից կառավարության նիստերը դռնփակ անցկացնել:

Գևորգ Պետրոսյանի հարցին պատասխանեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով․ «Սխալներ միշտ էլ լինում են, սխալները հենց նրա համար են, որ ուղղվեն: Եթե մենք մի քայլ ենք արել, ենթադրելով, որ դա կբերի ավելի բարձր մակարդակի ժողովրդավարության ու տեսել ենք, որ դա արդյունքի չի բերում, ավելի ճիտ է՝ ուղղել սխալը, քան այն շարունակել»:

Նկատենք՝ վարչապետն այսօր ընդամենը 2 պատգամավորի հնչեցրած հարցերին պատասխանեց: Մոտ մեկուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների հարցերին արձագանքում էին առավելապես կառավարության մյուս անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG