Մատչելիության հղումներ

Քսենյա Սոբչակ․ «Ես նախապատրաստվում եմ 2024 թվականին»


ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 6-ը փետրվարի, 2018 թ․
ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 6-ը փետրվարի, 2018 թ․

Ռուսաստանի նախագահի թեկնածու, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն այս օրերին իր նախընտրական արշավն իրականացնում է Միացյալ Նահանգներում, որտեղ հայտարարում է, թե Վլադիմիր Պուտինի հետ մրցակցության մեջ մտնելու իր մտադրությունն անկեղծ է ու երկարաժամկետ: Քվեարկությունից մոտ մեկ ամիս առաջ մեկնելով Վաշինգտոն, Սոբչակը խոստովանել է՝ առաջիկա մարտին կայանալիք ընտրությունների հետ առանձնապես հույսեր չի կապում և նախապատրաստվում է 2024 թվականին:

«Ես առաջադրվել եմ՝ քաջ գիտակցելով, որ հաղթանակի հասնելու հնարավորություններս հիմա չնչին են: Սակայն իմ իրական նպատակն է՝ դառնալ ընդդիմության ձայնը և պատրաստվել 2024 թվականի ընտրություններին: 2024-ին Ռուսաստանը կանգնելու է իր պատմության վճռորոշ մի հանգրվանի առջև, երբ պետք է ընտրություն կատարի լայնատարած ժողովրդավարացման և ցկյանս իշխելու քաղաքականության միջև: Եվ այդ ժամանակ մենք պետք է լինենք տարբեր, բայց համախմբված մի շարժում»,- ԱՄՆ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սոբչակը:

Ընդ որում՝ նա ոչ միայն ՌԴ իշխանություններին, այլև իր գաղափարակիցներին է քննադատել՝ պնդելով, թե ռուսաստանյան ընդդիմությունն այժմ մասնատված է և առաջնորդվում է առանձին գործիչների «սեփական եսի ու նկրտումների թելադրանքով»: Թե կոնկրետ ում է ակնարկել Սոբչակը, նա չի հստակեցրել: Հայտնի է, սակայն, որ Քսենյա Սոբչակն արդեն մի քանի ամիս է, ինչ հեռակա բանավեճի մեջ է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ, ում նախագահության հայտը Ռուսաստանի իշխանությունները հրաժարվեցին գրանցել, պատճառաբանելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Կիրովլեսի» [վիճահարույց] գործով:

Նավալնին այժմ պնդում է, թե Սոբչակն իրականում Կրեմլին ձեռնտու խաղ է խաղում, որի նպատակն է մրցակցության ծխածածկույթ ստեղծել ու լեգիտիմացնել Պուտինի ապագա հաղթանակը: Այդ իրավիճակից դուրս գալու համար Նավալնին առաջարկում է բոյկոտել առաջիկա քվեարկությունը: Քսենյա Սոբչակը, մինչդեռ, երեկ կրկին հայտարարել է՝ դեմ է բոյկոտին:

«Ես համաձայն չեմ բոյկոտին, քանի որ այն չի վնասում Պուտինին: Դա պարզ մաթեմատիկա է՝ ընտրատեղամաս չգնալով՝ դուք ընդամենը բարձր տոկոսներ եք ապահովում Պուտինի համար: Ռուսաստանում չկա մասնակցության նվազագույն շեմ հասկացություն: Այնպես որ՝ եթե նույնիսկ երեք մարդ գնա քվեարկելու, նախագահը կընտրվի: Եվ եթե նրանք քվեարկեն Պուտինի օգտին, լուրերով կհայտարարեն՝ Պուտինն ընտրվեց 100 տոկոսով, ու դա ճշմարիտ կլինի: Սակայն, եթե գոնե նրանցից մեկն անգամ դեմ քվեարկի՝ պատկերը կփոխվի»,- պարզաբանել է Սոբչակը:

Վերջինս խոսել է նաև Ռուսաստանի դեմ սահամանված ամերիկյան պատժամիջոցների մասին, պնդելով, թե պատրաստվում է հանդիպումներ ունենալ Սպիտակ տան պաշտոնյաների հետ ու բացատրել, որ Ռուսաստանը միայն Պուտինը չէ: «Ռուսաստանը հզոր երկիր է՝ մեծ տնտեսությամբ ու միջուկային զենքով, և ես ուզում եմ առաջին կամուրջը դառնալ մեր երկրների միջև ու որոշակի լուծումներ գտնել՝ երկկողմ հարաբերությունները հարթելու համար»,- երեկ Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի 36-ամյա թեկնածուն: Թե ամերիկյան վարչակազմից հատկապես ում հետ է պատրաստվում հանդիպել Սոբչակը, այս պահին դեռ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG