Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ «Անպայման կվերադառնամ Վրաստան, երբ տապալվի Իվանիշվիլին»


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Դոժդ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում իրեն համեմատել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ, նաև պատմել Բորիս Նեմցովի հետ ունեցած իր վերջին զրույցի մասին: Սաակաշվիլին հայտարարել է, թե «անպայման վերադառնալու է Վրաստան, երբ տապալվի Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը»:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ դառնալու հավակնություն և հնարավորություն չունի, քանի որ օտարերկրացի է, սակայն ուզում է դառնալ ուկրաինական նոր պետության հիմնադիրներից մեկը:

Վրաստանում «Վարդերի հեղափոխության» համահեղինակ, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի երբեմնի մտերիմ ընկեր, իսկ այսօր՝ հակառակորդ Միխեիլ Սաակաշվիլին ռուսական «Դոժդի» հետ ցրույցում պատմել է նաև այն մասին, թե ինչու Կիևի իշխանություններն իրեն չեն արտահանձնում Վրաստանին: «Ուկրաինացիները շատ զգայուն են նման հարցերում, և իշխանություններն ինձ չեն արտաքսում, քանի որ վախնեում են ուկրաինացիներից։ Հիշում եք՝ երբ ինձ ձերբակալել էին, 60 հազար մարդ էր դուրս եկել փողոց: Արտաքսելու դեպքում՝ կես միլիոն դուրս կգա»,- ասել է նա:

Սաակաշվիլին ասել է նաև, որ Վրաստանի իշխանությունները ևս չեն ցանկանում, որ իրեն արտահանձնեն, քան որ ինքն այնտեղ շատ աջակիցներ ունի: Նշելով, որ Ուկրաինայի նախագահ ընտրվելու հնարավորություն չունի, Սաակաշվիլին հավելել է․ «Ես ուզում եմ պարզապես պատմության մեջ մնալ որպես նոր Ուկրաինայի հիմադիրներից մեկը»:

Հիշեցնենք՝ Ուկրիանայում տնային [գիշերային] կալանքի տակ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կիրակի օրն իր աջակիցների հետ հերթական անգամ դուրս էր եկել բողոքի երթի՝ պահանջելով նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը։ Ինչ վերքաբերում է իր՝ Վրաստան վերադառնալու հնարավորությանը, Սաակաշվիլին ասել է, թե համոզված է, որ վերադառնալու է: «Անպայման կվերադառնամ, երբ տապալենք Իվանիշվիլիին: Կզբաղվեմ քաղաքականությամբ թե ոչ՝ Վրաստանի ժողովուրդը կորոշի, բայց որ վերադառնալու եմ, հաստատ է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: Վերջինիս, հիշեցնենք, հայրենիքում դատապարտել են երեք տարվա ազատազրկման ։

Սաակաշվիլիի խոսքով՝ հետխորհրդային տարածքում [բացառությամբ մերձբալթյան երկրների], ստեղծվել է «օլիգարխիկ ֆեոդալական համակարգ»: Նույնն է նաև Ուկրաինայում, ինչն էլ խանգարում է զարգացմանը։ Ուկրաինայի թիվ մեկ խնդիրը Սաակաշվիլին համարում է հենց կոռուպցիան և ասում՝ եթե չփոխվի այդ համակարգը, Ուկրաինան պարզապես կմասնատվի:

Սաակաշվիլիի համոզմամբ՝ հետխորհրդային երկրները կարող են հանգիստ զարգանալ նաև առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Նա համեմատում է Էստոնիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող Ղազախստանի, Հայաստանի ու Բելառուսի հետ և պնդում՝ Էստոնիան հաստատապես ավելի շահեկան վիճակում է։

Սաակաշվիլին պատմել է նաև Բորիս Նեմցովի հետ իր վերջին հանդիպման մասին, նշելով՝ նրա հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: «Նեմցովի սպանությունից մի քանի օր առաջ մենք հանդիպել էինք, նա ինձ հարցրել էր, թե ինչու եմ ես առանց թիկնապահների՝ «չե՞ս հասկանում, որ Պուտինը քեզ կարող է սպանել»։ Ես էլ հարց տվեցի՝ իսկ դու չե՞ս վախենում: Նեմցովը պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի սպանի, ասելով՝ «ես Ռուսաստանի փոխվարչապետն էի, Պուտինը կառավարության նախկին անդամներին չի սպանում»,- «Դոժդ» հեռուստընկերության եթերում պատմել է Միխեիլ Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG