Մատչելիության հղումներ

Արդեն մոտ 5 օր է, որ վառելիքի շուկայում Regular տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 460-ով։

Այս տարվա մեջ սա արդեն երկրորդ, իսկ անցած տարեվերջից մինչև այսօր երրորդ դեպք է, որ այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում։

«Ազատությունը» փորձեց խոշոր ներկրողներից պարզել թանկացումների պատճառը: Դրանից մեկը «Ֆլեշ» ընկերությունն է, որը զբաղեցնում է շուկայի 33-35 տոկոսը։ Ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գների բարձրացումը ձեռնտու չէ նաև իրենց, քանի որ գազի շուկայի հետ անմրցունակ են դառնում և գնորդներ կորցնում։

Բեգլարյանը նաև շեշտեց, որ դեռ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր նոր Հարկային օրենսգիրքը, իրենք Կառավարությանը զգուշացրել էին, որ հարկային դրուքաչափերի փոփոխության արդյունքում գնաճից խուսափել հնարավոր չի լինելու․ - «Դա հաճելի չի, ազնիվ չի․․․ Մեր հետ քննարկում են, իրանք որոշում են կայացնում: Ազգային ժողովում քննարկում են եղել շատ վաղուց, և մեր աշխատողները գնացել են, ասել են, որ մտացեք, գների թանկացումներ ա լինելու»:

Անդրադառնալով պատճառներին՝ «Ֆլեշ»-ի սեփականատերն ասաց, որ թանկացումներն առաջին հերթին պայմանավորված են հունվարի 1-ից հետո փոփոխված հարկային դրույքաչափերով, իսկ տարեսկզբից հետո արձանագրված 10-ական դրամով թանկացումներն էլ կապված են միջազգային գների բարձրացման հետ։

«Մենք, օգտագործելով մեր պաշարները, հաշվի առնելով նաև մեր ժողովրդի գնողունակությունը, հին գները պահպանում էինք մինչև 15-ի կողմերը՝ մեր պաշարների հաշվին: Բայց քանի որ դրանից հետո մուտք գործեցին․․․ մենք կամաց-կամաց բարձրացրեցինք: Իրականում այսօրվա գներով մենք նույնիսկ չենք տեղավորվում, շատ դժվար է այդ գներով աշխատելը: Որովհետև միջազգային գները աննախադեպ բարձրացել են», - ասաց նա:

Բեգլարյանը չբացառեց, որ գներն առաջիկայում կարող են բարձրանալ․ - «Նորից կախված է միջազգային գներից»:

Այս շուկայում մյուս խոշոր խաղացողը՝ «Սի-Փի-Էս» ընկերությունն է, որի ներկայացուցիչներից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Մինչ վառելիքը թանկանում է, ՏՄՊՊՀ-ում դեռ ուսումնասիրություններ են կատարում։ Մրցակցային հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանն ասաց, որ այս պահի դեռ որևէ բան ասել չեն կարող՝ արդյո՞ք եղել է չարաշահում, թե՞ վերջին թանկացումն իսկապես հիմնավոր է․ - «Մենք տնտեսվարողներից պահանջել ենք այդ փաստաթղթերը: Խոսքը վերաբերվում է 2018 թվականի հունվար ամսվա և փետրվար ամսվա ընթացքում ներմուծումներին, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի կոմպոնենտներ են փոխվել, որ կարող էին հանգեցնել, կարող էին չհանգեցնել այդ գնային փոփոխություններին»:

Նավթի համաշխարհային գներն իսկապես աճել են, սակայն Հայաստանում հեղուկ վառելիքի շուկայում շարունակական թանկացումները տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պայմանավորում է կոշտ հարկային քաղաքականությամբ։

Ըստ նրա, ակցիզային հարկի բարձրացումը դեռ վերջը չէ, Կառավարությունն այս տարի տրամադրված է մոտ 100 միլիարդով ավելի շատ հարկ մուտքագրել բյուջե, իսկ «դրա միակ ճանապարհը սպառողական գների բարձրացումն է»․ - «Կառավարությունը այս տարի նաև ակնկալիք ունի մոտ 2 միլիարդ դրամ ստանա միայն բենզինի ակցիզի բարձրացման արդյունքում: Եվ մեր պետական բյուջեն ունի լուրջ խնդիրներ եկամուտների հավաքագրման առումով, և ընդհանրապես պետական պարտքի սպասարկման առումով: Այդ պատճառով մեր մոտ կարևորագույն ապրանքատեսակները, որի մեջ մտնում է բենզինը, որի մեջ մտնում է դիզելային վառելիքը, որի մեջ մտնում է նաև խտացված գազը․․․ դրան ավելացրեք ծխախոտ և խմիչք, գների բարձրացում է տեղի ունենալու»:

Հիշեցնեմ՝ անգամ վարչապետ Կարապետյանն էր վարորդներին առաջարկել թանկացած բենզինը փոխարինել այլընտրանքով՝ գազով։

«Ազատության» հետ զրույցներում, սակայն, վարորդները պնդեցին, որ 10-ական դրամներով չհիմնավորված թանկացումը հարվածում է բոլորի գրպանին։

«Մենակ տանում են, չեն տալիս ոչ մի բան», - ասաց վարորդներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG