Ուզբեկ տարագիր ակտիվիստների մի խումբ բրիտանացի քանդակագործ Փոլ Դեյին հորդորել են չքանդակել Ուզբեկստանի ավտորիտար նախկին ղեկավար Իսլամ Քարիմովի հուշարձանը: Ակտիվիստներն ասել են, որ եթե քանդակագործը Մոսկվայում կերտի նրա արձանը, ապա «Քարիմովի զոհերի արյունը ընդմիշտ կմնա նրա աշխատանքի վրա»:
Ուզբեկստանի կառավարությունը և Իսլամ Քարիմովի հիմնադրամը, որի ղեկավարը հանգուցյալ նախագահի կրտսեր դուստր Լոլա Քարիմովա-Տիլյանովան է, բրիտանացի քանդակագործին պատվիրել են կերտել Իսլամ Քարիմովի արձանը, որը տեղադրվելու է Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանության մոտ:
Կենտրոնական Ասիայի մարդու Իրավունքների ընկերակցությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, փետրվարի 5-ին բաց նամակ է հրապարակել՝ Փոլ Դեյին կոչ անելով վերանայել և չեղարկել Իսլամ Քարիմովի արձանը ստեղծելու պայմանավորվածությունը: Իրավապաշտպան կազմակերպությունը Ուզբեկստանի նախկին նախագահին մեղադրել է 2005 թվականին Անդիջանի իրադարձությունների ժամանակ հարյուրավոր ցուցարարների կոտորածը հանձնարարելու մեջ: «Դուք պետք է իմանաք, որ մինչև 2016-ին իր մահը, Քարիմովը միլիոնավոր մարդկանց, այդ թվում երեխաների, ստրկական աշխատանքի է քշել բամբակի դաշտեր, հազարավոր մարդկանց՝ իր իրական և կասկածյալ հակառակորդների է բանտարկել, խոշտանգումների ենթարկել, երբեմն մինչև մահվան դուռը հասցնելը»,- բրիտանացի քանդակագործին գրել է իրավապաշտպան կազմակերպությունը: