Մատչելիության հղումներ

Փաստաբանները վաղը կշարունակեն գործադուլը


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Այսօր ողջ երկրում գործադուլ անցկացնելուց հետո Հայաստանի փաստաբանների պալատը հայտարարեց նաև վաղը գործադուլը շարունակելու մասին՝ բողոքի ձայն բարձրացնելով փաստաբաններին տուգանելու՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ։

«Այն մարդիկ ենք, ովքեր պաշտպանում են այլ մարդկանց իրավունքները և օրինական շահերը: Եվ եթե մենք չենք կարողանալու պաշտպանել մեր օրինական շահերը և գոնե ակնկալել, որ մեր նկատմամբ պետական մարմինները պատշաճ վարքագիծ կդրսևորեն, ապա կարծում եմ, մենք շատ անելիք ունենք: Մեր գործընթացին հավանություն են տվել նաև միջազգային շատ գործընկերներ, մենք շուտով իրենց դիրքորոշումները կհրապարակենք», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատում այսօր ժողով էր․ նրանք հավաքվել էին՝ քննարկելու հետագա անելիքն ու պայքարի քայլերը: Փաստաբանական ամբողջ համայնքը առայժմ միակարծիք է մեկ հարցում՝ դատավորներին հնարավորություն տալը սանկիցա կիրառել փաստաբանի նկատմամբ ու տուգանել վերջինիս, անընդունելի է և ունենալու խիստ բացասական հետևանքներ՝ փաստաբաններին դանձնելով է կախյալ ու կաշկանդված։

«Եթե դատավորը, օրինակ, ասի՝ ես համարում եմ, որ դու իմ մասին անհարգալից արտահայտվեցիր, ու այդ պահին դատական տուգանք կիրառի, մենք եկեք երաշխավորված չասենք, թե որ փաստաբանը որ տուգանքից հետո կսկսի իր կեցվածքը փոխել․․․ Եվ դա կբերի ի վերջո նրան, որ մենք կսկսենք շատ զգույշ լինել, իսկ այդ զգուշությունը ի վերջո կբերի նրան, որ կսկսենք պասիվ լինել, և վերջում դրանից տուժելու է մեր վստահորդը», - ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Ազատ Շահբազյանը հավելում է, որ նախագիծը պարզապես ուղղված իրավական պետության հիմքերի դեմ, իսկ նպատակը փաստաբանների անկախությունը խլելն է․ - «Կոնկրետ անձանց ատելությունն է այս համայնքի նկատմամբ․ խանդն է, նախանձն է մեր անկախության նկատմամբ: Մենք գիտենք, թե ինչպիսի մարդիկ են անկախ և խոսքի ազատություն սիրող կազմակերպության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենում․ ովքեր իրենց ամբողջ կյանքը անազատության մեջ են անցկացրել և ուրիշից կախված են ապրել»:

Արա Զոհրաբյանը շեշտում է, որ իշխանությունները անտեսել են փաստաբանների համայնքը՝ չկազմապերպելով որևէ՝ անգամ ձևական քննարկում։ Բացի այդ, դատավարությունների մասին օրենսգրքում հապշտապ փոփոխություններն անցկացնելու ճանապարհին Կառավարությունն ու Ազգային ժողովը անգամ օրենքի կոպիտ խախտում են թույլ տվել․ - «Օրեքի նախագիծը Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Այս իմպերատիվ դրույթը երաշխավորում է, որ այն բարձր իրավաբանական ուժ ունեցող վարքագծի կանոնը, որը մեզ համար սահմանվելու է, պետք է առնվազն երկու ընթերցմամբ քննարկվի Ազգային ժողովում, և նոր, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, դառնա մեզ համար պարտադիր ուժ ունեցող իրավական ակտ: Երկրորդ ընթերցումից առաջ, երբ որ հանձնաժողովը պետք է քննարկի և հավանություն տա, այս փուլում հայտնվել են երկու նոր օրինագծեր: Եվ եթե այս օրինագծերը ընդունվեն, կստացվի, որ այդ երկու օրինագծերը մեկ ընթերցմամբ են քննարկվել»:

Փաստաբանների պալատի ղեկավարը նաև նկատում է, որ Արդարդատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել ու բացատրել, թե ինչու է առաջացել սանկիցաներ կիրառելու անհրաժեշտություն: «Ազատության» հարցին, թե ինչն է ստիպել Կառավարությանը հրատապ նախաձեռնել այս փոփոխությունը, Զոհրաբյանը պատասխանեց․ - «Ես վստահ եմ, որ նպատակը Հայաստանի Հանրապետության շահերը չեն: Ես վստահ եմ, որ նպատակը արդարադատության շահերը չեն: Եվ դրա համար է, որ մենք մտածում ենք, որ այստեղ Կառավարությունը ուղղակի սկզվունքի հարց է սա սարքել»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով այսօր միացել էր գործադուլին, սակայն բոյկոտել էր Փաստաբանների պալատի հավաքը, վստահ է, որ իշխանություններն այս դատավորներին մահակ տալ անկախ գործող ու հատկապես քաղաքական գործերում համաձակորեն ներգրավվող փաստաբաններին լռեցնելու համար․ - «Մի քանի տարի է արդեն փորձ է արվում դաշտում ակտիվ գործող փաստաբանների նկատմամբ այս կամ այն կերպ ճնշումներ բանեցնել: Ժամանակին դա արվում էր Փաստաբանների պալատի շրջանակում, հետո մի փոքր ընդլայնվեց, իսկ «Սասնա ծռերի» գործից հետո նաև մի քիչ դաշտը մեծացվեց: Եվ հիմա էլ օրենսդրական առումով են փորձում դա իրականացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG