Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիրների, Կառավարության նախագիծը համայնքներում կհանգեցնի «տոտալ հանրապետականացման»


ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Միջհամայնքային միավորների մասին» օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի, նման միավորում կարող են ստեղծել համայնքների ավագանիները՝ կամավոր հիմունքներով կամ կառավարությունը՝ օրենքով սահմանված կարգով։

Նախագծի համաձայն, կամավոր հիմունքներով ստեղծված միավորմանն են փոխանցվում անդամ համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված՝ համայնքների ղեկավարների լիազորությունները, ինչպես նաև համայնքի ավագանու լիազորությունները: ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ահազանգում է՝ այդ դրույթը հակասում է Սահմանադրությանը։

«Ասվում է, որ համայնքների միավորումը դա նոր համայնք չէ, դա ՏԻՄ չէ: Եթե դա պետական կամ ՏԻՄ մարմին չէ, Ազգային ժողովն իրավունք չունի՝ լիազորելու այս մարմնին՝ պետական մարմին չհանդիսացող կառույցին՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունել»,- այսօր հայտարարեց Զեյնալյանը:

Ըստ հանրապետական Խոսրով Հարությունյանի՝ միջհամայնքային միավորների իմաստը ոչ թե ՏԻՄ լիազորությունները վերցնելն է, այլ դրանց իրականացումն ապահովելը։ Վեջինիս պարզաբանման համաձայն՝ համայնքները կարող են միավորել իրենց ուժերն, օրինակ՝ ընդհանուր ջրագիծ կառուցելու կամ աղբահանություն իրականացնելու համար, բայց նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունքն, այս նախագծով ևս, վերապահված է ՏԻՄ մարմիններին։

«Երբ խոսում ենք ավագանու լիազորությունների փոխանցման մասին, միգուցե սա է առաջացնում շփոթ: Բայց համաձայնենք, որ Սահմանադրությունը բացառում է, որ տեղական իշխանության մարմիններից զատ լինեն այլ տեղական ինքնակառավարման մարմիններ»,- ասաց Հարությունյանը:

Ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների անդամների կարծիքով՝ միջհամայնքային միավորների ստեղծման նպատակը համայնքների «տոտալ հանրապետականացումն է»։ «Համայնքի ղեկավարները շատ հաճախ հենց ՀՀԿ անդամներ են կամ նրանց սատարող անձինք: Ավագանիների մեծ մասը ևս սատարում են [ՀՀԿ-ին] կամ հանդիսանում են Հանրապետական կուսակցության անդամ: Այսինքն՝ ունենալու ենք միջհամայնքային միավորումներ, որոնցում լինելու են համայնքների հանրապետական ղեկավարները և մեկ ավագանի»,- ասաց «Ելքից» Մանե Թանդիլյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց․ «Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիա, այսպես ասած՝ ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել նաև համայնքային հարթակ»:

Ընդդիմադիրներն ընդգծում են՝ չկա խոշորացված համայնքների որևէ հաջողված փորձ, հետևաբար, «առավել ևս» վաղ է խոսել միջհամայնքային միավորներ ստեղծելու մասին։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը շեշտում է՝ օրինագիծը համայնքների խոշորացման գաղափարի հետ առնչություն չունի: «Միջհամայնքային միավորումներն ընդամենը կարղ են նպաստել համայնքների խոշորացմանը, ստեղծելով նպաստավոր պայմաններ՝ մի քանի համյանքների ընդհանուր շահեր ձևավորելու տեսանկյունից»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ահազանգեր է ստացել բազմաթիվ համայնքների հանրապետական ղեկավարներից, որոնք ասում են, թե դեմ են միջհամայնքային միավորների ստեղծմանը, քանի որ դա կործանարար են համարում, սակայն վախենում են բարձրաձայնել իրենց տեսակետը։ Զոհրաբյանն առաջարկում է այս հարցով տեղական հանրաքվեներ անցկացնել։

Տեղական հանրաքվեի անցկացմանը կողմ է նաև ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Թեև օրենքի նախագիծը նոր է ներկայացվել ԱԺ-ի քննարկմանը, արդեն երկար տարիներ Հայաստանում գործում է Վեդիի միջհամայնքային միավորը, որի 15 անդամներից մեկն էլ Սարգսյանի ղեկավարած «Նոր կյանք» համայնքն է։

«Տարեկան մենք մի 70 հազար դրամի կարգի անդամավճար ենք մուծում, որից օգուտներ ես դեռ չեմ տեսել այս երկու տարում»,- ասաց Գարիկ Սարգսյանը: Վեդիի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Սարոյանի կարծիքով ևս, միջհամայնքային միավորից օգուտները շատ չեն եղել․ «ոչ այդքան, կարելի է ասել»:

Միջհամայնքային միավորների մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը դեռ չի ավարտվել: «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքնի պատգամավորները, սակայն, հայտարարում են՝ դեմ են քվեարկելու, իրենց բնութագրմամբ՝ «համայնքների հանրապետականացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG