Մատչելիության հղումներ

Էրդողանը բացահայտորեն սպառնում է ԱՄՆ-ին․ «Մենք կմտնենք նաև Մանբիջ»


Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Բարաք Օբաման խաբեց Թուրքիային, նույն քաղաքականությունն է վարում նաև նախագահ Թրամփը»,- երեկ հրապարակավ նման հայտարարություն արեց Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե Վաշինգտոնն աշխատում է Անկարայի շահերի դեմ:

«Պարոն Օբաման չասաց ճշմարտությունը, Թրամփը ևս շարունակում է այդ ուղին: Դուք խոստանում էիք դուրս բերել զորքերը [Սիրիայի հյուսիսային] Մանբիջ քաղաքից: Ինչո՞ւ եք մինչև հիմա այնտեղ, ո՞ւմ եք բերել այդ քաղաք, Քրդական դեմոկրատական կուսակցության զինյաների՞ն: Մենք կմտնենք Մանբիջ և կվերադարձնենք այն իր իրական տերերին»,- երեկ նաև ասաց Էրդողանը իշխող «Ադարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիան արդեն երրորդ շաբաթն է՝ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: Միացյալ Նահանգները, մինչդեռ, վերջիններիս ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև զինում է նրանց և համագործակցում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Անցած շաբաթ ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ գեներալ Յոզեֆ Վոթելը հայտարարել էր՝ չնայած Անկարայի դժկամությանը, ամերիկյան զորքը Մանբիջից դուրս չի գա: ՆԱՏՕ-ի համատեղ կոալիցիայի խոսնակ Ռայան Դիլլոնն էլ պնդել էր, թե Վաշինգտոնը չի լքի քուրդ դաշնակիցներին: Արձագանքելով այդ վերջին զարգացումներին՝ Էրդողանը երեկ ասել է. «Նրանք, որ հավասարության նշան են դնում ավազակախմբերի և Թուրքիայի միջև, հիմա սկսում են հասկանալ՝ որն է պետությունը, որը՝ հանցագործ խմբավորում»:

«Միացյալ Նահանգները հայտարարում է, թե փամփուշտով բեռնված 5000 բեռնատար ու 2000 օդանավ է ուղարկում նրանց, իբրև թե «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Մենք, սակայն, այդ հավաստիացումներին չենք հավատում: Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները հաշվարկներ ունի՝ ընդդեմ Թուրքիայի, Իրանի, գուցե նաև Ռուսաստանի»,- նաև ասել է Թուրքիայի նախագահը:

Չնայած արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգություններին՝ Էրդողանը կրկին պնդել է, թե շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայի քրդական խմբավորումների դեմ և Աֆրինից հետո թիրախավորելու է նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման:

«Ինձ հարցնում են՝ ե՞րբ է ավարտվելու այս օպերացիան, ես էլ ձեզ եմ հարցնում՝ ե՞րբ եք դուք ավարտելու ձեր գործողություները Աֆղանստանում կամ Իրաքում: Մինչ օրս դուք ձեր զորքերը այդ երկրներից դուրս չեք բերել»,- հայտարարել է Թուքրիայի նախագահը՝ կրկին շեշտելով, թե ինքը պայքարում է ոչ թե Թուրքիայի սահմանին ամրապնդվող քրդերի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG