Մատչելիության հղումներ

«Ելք»-ին հաջողվեց հավաքել ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրությունները

update

«Ելք»-ը, պատգամավոր էդմոն Մարուքյանի խոսքով, առաջարկելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ՝ վերադարձ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը եղած ակցիզային հարկի և եկամտային հարկի դրույքաչափերին: Նախաձեռնությունը, ընդդիմադիրների պնդմամբ, թանկացումները կանխելու, հարկային բեռը թեթևացնելու նպատակ ունի։

Թեև հաջորդ բողոքի ակցիայի օր և ժամ «Ելք»-ը չի ասում՝ նշելով, թե հանրահավաքի մասին կհայտարարեն՝ եթե տեսնեն դրա անհրաժեշտությունը, բայց Մարուքյանը նախորդները արդյունավետ է համարում․ - «Եթե այդ բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստ չէր գումարվի»:

Արտահերթ նիստ հրավիրելու համար «Ելք»-ին 27 պատգամավորների ստորագրություն էր անհրաժեշտ, հավաքվեց 29-ը։ Նախաձեռնությունը, «Ելք»-ի 9 ներկայացուցիչներից բացի, պաշտպանեցին «Ծառուկյան» խմբակցության 20 պատգամավորներ։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գնաճը զսպելու միակ մեխանիզմը Հարկային օրենսգրքում փոփոխություններն են համարում: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում, կրկնեց Զոհրաբյանը, այս պահին փողոցային պայքարի մարտավարություն չկա։

Զոհրաբյանի խոսքով, իրենց համար անակնկալ չի լինի, եթե Հանրապետականը որոշի տապալել արտահերթ նիստը․ - «Որովհետև ցանկացած պոզիտիվ, ռացիոնալ նախաձեռնություն, եթե չի տեղավորվում իրենց ներկլանային խաղի կանոնների մեջ, իրենք տապալում են, մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը: Ցավոք սրտի, սա է ընդդիմության լիազորությունը: Եթե մենք ունենայինք անհրաժեշտ թվով ձայներ մեր նախաձեռնությունները անցկացնելու համար, մենք կլինեինք մեծամասնություն»:

Որպեսզի «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը կայանա, և առաջարկվող փոփոխությունները քննարկման առարկա դառնան, անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիրներից բացի, հանրապետականները նույնպես գան նիստերի դահլիճ ու գրանցվեն։ ԱԺ Կանոնակարգի համաձայն՝ Ազգային ժողովի նիստը, նաև արտահերթը, իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ այսինքն 53 պատգամավորներ: Ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները միասին 40 տեղ ունեն խորհրդարանում։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նիստի անցկացման հարցով ՀՀԿ-ի հետ նախնական պայմանավորվածություն չունեն: Բայց չշտապեց նաև կանխատեսել, թե խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը կարող է տապալել արտահերթ նիստը․ - «Քվորում չլինի, էդ ժամանակ գնահատական կտանք քվորում չլինելու մասին: Դեռ քվորում չեղած ասել, որ անպայման քվորում չի լինի, ես կարծում եմ, դա սխալ է: Ընդհակառակը, ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ նրանք իրենց տարածքից ընտրված պատգամավորներին ասեն, պարտադրեն, որ նրանք գան գրանցվեն, ավելին՝ գան ստորագրեն, ավելին՝ գնան կողմ քվեարկեն, ու այդ փոփոխությունը տեղի ունենա: Այսինքն ի՞նչ, մարդիկ մտածում են, որ իրենք պետք է տանը նստեն, հանրապետականներն էլ իրենց կյանքը լավացնե՞ն: Այդպիսի բան չի լինի, երբեք չի էլ եղել: Ճնշումը պետք է շարունակվի»:

Հանրապետականը դեռևս չի խոսում «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստը տապալելու մասին։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ առաջարկները թող ներկայացնեն, կքննարկենք:

Վահրամ Բաղդասարյան
Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական պատգամավորը այնուհանդերձ նկատեց, որ դրանք ընդունվելու համար պետք է համահունչ լինեն պետության հնարավորություններին․ - «Դրանք պետք է լինեն առաջարկություններ, որոնք ոչ թե լինեն պոպուլիստական, այլ իրատեսական և մեր ռեսուրսներին համապատասխան: Հիմա նորից կուղարկեն իրենց առաջարկությունները, մեկ անգամ ևս քննարկման առարկա կդարձնենք: Ընդհանուր առմամբ, երբ որ հանրությանը, ժողովրդին հարցնես՝ ինչպիսի՞ն կուզեք, որ լինի մեր Հարկային օրենսգիրքը, կասեն՝ որ ընդհանրապես հարկեր չլինեն: Մի կողմից, եթե մենք ցանկանում ենք, որ ապահովենք մեր առաջընթացը, մենք կարողանանք հետագայում խոսել աշխատավարձների, թոշակների բարձրացման մասին․․․ նաև պետք է նայենք մեր հնարավորությունները: Այսինքն, այն, ինչը մենք առաջարկել ենք, դրանք տրամաբանության մեջ են եղել: Եվ ինչ-որ ավելի լավ թեթևացնելով, նման տիպի քայլերով մենք չենք կարող այս պետության զարգացումն ապահովել»:

«Ազատության» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ իրական չեն համարում վերադարձը նախկին հարկային դրույքաչափերին, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Կառավարությունը պահի խնդիր չի լուծում, նրա տեսլականները ապագային են միտված: Եթե մենք պարզապես ցանկանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ այսօր մենք ենք, մեկ տարի, երկու տարի թող լավ լինի, մեզ շնորհակալություն ասողները թող շատ լինեն, մենք կարող ենք շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել երկու-երեք տարի հետո: Այնպես որ, ինձ թվում է, որ արդյունավետ է այս տարված քաղաքականությունը: Իսկ առաջարկությունները մենք պատրաստ ենք քննարկելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG