Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները ոգևորությամբ են արձագանքել նրա՝ «Մանչեստր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխմանը և հավատում են, որ Մխիթարյանը հաջողությամբ կխաղա Լոնդոնում: Եվ այնուամենայնիվ, փորձում են հասկանալ՝ «Ի՞նչ հանգամանքների բերումով է ձախողվել նրա երկրորդ խաղաշրջանը Մանչեստրում»:
Այդ թիմի և Անգլիայի հավաքականի երբեմնի գերաստղ Ուեյն Ռունին, ով հիմա «Էվերտոնում» է, հայտնել է կարծիք, որի հետ հայ ֆուտբոլիստի երկրպագուների մեծ մասը համաձայն է: Նա ասել է, թե «Մանչեստր Յունայթեդում» Մխիթարյանի ազատությունը սահմանափակված էր:
Անցյալ տարի այս օրերին Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստր Յունայթեդի» թիվ մեկ աստղերից էր: Երկրպագուները նրա մասին երգեր էին երգում, նրա գոլերը ճանաչվում էին շաբաթվա և ամսվա լավագույն գոլեր:
Խաղընկերները՝ Զլատաբ Իբրահիմովիչը, Ուեյն Ռունին, Անդրես Հերրերան, Վալենսիան և Պոլ Պոգբան հիացմունքով էին խոսում Հենրիխի մասին: Սակավաժպիտ Ժոզե Մոուրինյոն էլ ցույց էր տալիս, թե գոհ է, ասելով՝ միշտ պնդել է, որ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է: Հետո եղավ պայքար Եվրոպայի լիգայի գավաթի համար ու փայլուն հաղթանակ, որի կերտողներից մեկը հենց Մխիթարյանն էր:
Թվում էր, թե նրա ապագան հուսալի է ու երաշխավորված, և կարելի է մոռանալ 2016-ի աշնան անհաջողությունները: Բայց 2017-ի աշնանը վերստին ճգնաժամային եղավ, ընդ որում այնքան ծանր, որ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», շատ հայտնի և հեղինակավոր ակումբ, որը, սակայն, հաղթանակների վիճակագրությամբ էապես զիջում է «Մանչեստր Յունայթեդին»:
Տեղափոխվելուց հետո Մխիթարյանը նորից ցույց տվեց ազատ, չկաշկանդված, ստեղծարար խաղ: Ուեյն Ռունին, ով, հավանաբար, արդեն թևակոխում է իր ֆուտբոլային կարիերայի ավարտական փուլը և երկամյա պայմանագրով խաղում է իր պատանեկության ակումբում՝ «Էվերտոնում», իր նկատառումներն է հայտնել «Sky Sport» հեռուստակայանի հետ զրույցում:
«Կարծում եմ, նա հայտնվել է ճիշտ տեղում, որտեղ կարող է բացվել, ես նրան տեսել եմ անցյալ տարի մարզումների ընթացքում, նա շատ տաղանդավոր խաղացող է»,- ասել է Ռունին: Նրա համոզմամբ, Մխիթարյանը չկարողացավ լիովին դրսևորվել «Մանչեստր Յունայթեդում»:
Հայաստանում էլ Հենրիխ Մխիթարյանի բազմաթիվ երկրպագուներն էլ դժգոհ էին, քանի որ Ժոզե Մոուրինյոն շատ հաճախ էր նրան փոխարինում, կամ նույնիսկ չէր հայտավորում թիմի կազմում: Ընդհանուր հաշվով՝ Մխիթարյանը «Մանչեստր Յունայթեդում» անցկացրած 18 ամիսների ընթացքում 26 անգամ է խաղացել պրեմիեր լիգայի մրցաշարում:
«Ես կարծում եմ, որ նա «Մանչեստր Յունայթեդում» չէր ստանում այն ազատությունը, որին ձգտում էր, չուներ այն հնարավորությունը, որը տրվել էր Դորթմունդում: Մաչեստրոմ նրա խաղը տարբերվում էր Դորթմունդի խաղաոճից»,- ասել է Ռունին և ավելացրել. «Իսկ «Արսենալում» նա շրջապատված է արագ տեղաշարժվող ֆուտբոլիստներով, նա կստեղծի գոլային պահեր և գոլեր կխփի»:
Ի դեպ, «Արսենալը» երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել: «Հավատու՞մ եք, որ Օբամեյանգն ու Մխիթարյանը կնպաստեն թիմի հաջողությանը», Հարցվածների 85 տոկոսը այս հարցին դրական է պատասխան է տվել: «Արսենալի» երկրպագուները նույնիսկ այսպիսի տողերով մի երգ են հյուսել՝ «Մենք Սանչեսին ենք ծախել, բայց դա նշանակություն չունի, մենք ունեն Օբամեյանգ և Մխիթարյան»:
Անգլիացի անվանի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս մարզական մեկնաբան Գարթ Քրուքսի համոզմամբ, Մխիթարյանն ու Օբամեյանգը, հավանաբար, համաձայնեցրել են իրենց գործողությունները, ցանկանալով նույն ժամանակաշրջանում միասին հայտնվել «Արսենալում»: «Ինձ համար ակնհայտ է, որ նրանք այդ հարցը միասին քննարկել են, մեկի քայլերն ազդել են մյուսի քայլերի վրա»,- ասել է Քրուքսը: