Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրկին բանավիճում են Անվտանգության խորհրդում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով քննարկումը երեկ կրկին վերածվեց Նահանգների և Ռուսաստանի միջև սուր բանավեճի:

Վաշինգտոնի դեսպան Նիկի Հեյլին պնդեց, թե Ասադի վարչակազմը քիմիական զենք է կիրառում խաղաղ բնակչության դեմ և մնում անպատիժ՝ Կրեմլի հովանու ներքո:

«Մենք տուժածների մասին հստակ ապացույցներ ունենք», - նշել է Միացյալ Նահանգների դեսպանը՝ ընդգծելով, որ չնայած այդ արժանահավատ հաղորդումներին, Ռուսաստանը անգամ Ասադին դատապարտող պարզ հայտարարության ընդունումն է խոչընդոտում․ - «Հստակ հաղորդումներ կան, որ վերջին շաբաթներին Ասադի վարչակազմը մի քանի անգամ քլոր է կիրառել իր ժողովրդի դեմ, այդ թվում՝ հենց երեկ: Մենք այդ հարձակումները դատապարտող հայտարարություն ենք ներկայացրել Անվտանգության խորհուրդ, սակայն Ռուսաստանը մինչև օրս հետաձգում է այդ փաստաթղթի ընդունումը, որն ընդամենը դատապարտում է Սիրիայի երեխաներին քլորով խեղդամահ անող հարձակումները»:

Իրավապաշտպանները պնդում են, թե անցած շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը առնվազն երեք անգամ քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մերձակայքում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղութայում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Վաշինգտոնն այժմ առաջարկում է հայտարարություն ընդունել և ամենախիստ ձևով դատապարտել քիմիական զենք կիրառումը Ասադի վարչակազմի կողմից:

Ռուսաստանը, մինդեռ, ընդդիմանում է: «Ներկայացված մեղադրանքները հիմնավոր չեն», - երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան: - «Համաշխարհային մակարդակով աղմուկ է բարձրացվում քիմիական հարձակումների շուրջ, որ իբր թե իրականացվել են վերջին օրերին Դամասկոսի մերձակայում: Որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւմ կողմից․․․ Անվտանգության խորհրդի որոշ ներկայացուցիչներ հիմա այս հռետորաբանությամբ են զբաղված և առանց ապացույցների մեղադրում են Սիրիայի վարչակազմին և հերյուրանքներ տարածում Ռուսաստանի հասցեին»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային կազմակերպության փորձագետները փաստել էին․ Սիրիայի կառավարությունը առնվազն երկու անգամ քիմիական զենք է կիրառել խաղաղ բնակչության դեմ 2014 և 2015 թվականներին:

Փորձագիտական խումբը միաժամանակ նշել էր, որ անցած տարիներին առնվազն երկու անգամ քիմիական գազ՝ իպրիտ են կիրառել նաև «Իսլամական պետության» ահաբեկիչները:

Ռուսաստանն ընդունում է ահաբեկիչներին ուղղված մեղադրանքները, Ասադի վարչակազմի դեպքում, մինչդեռ, պնդում, թե ապացույցներ չկան:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Մոսկվան, կիրառելով վետոյի իր իրավունքը, թույլ չի տալիս, որ ՄԱԿ-ի քննչական խումբը վերսկսի աշխատանքները քիմիական այս հարձակումների մեղավորներին գտնելու և պատժելու ուղղությամբ: Փոխարենը Կրեմլն առաջարկում է հետաքննող նոր մարմին ստեղծել և նոր մեխանիզմներ սահմանել, ինչի շուրջ արևմտյան դիվանագետները լուրջ կասկածներ ունեն:

«Դա անաչառ մարմին չէ, Ռուսաստանն ընդամենը ուզում է քննիչներին ընտրելու հնարավորություն ստանալ և ինքնակամ չափանիշներ սահմանել», - երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը: - «Այս քայլով Ռուսաստանն ընդամենը փորձում է թաքցնել ու թաղել վերջին հետաքննության արդյունքները: Որևէ մեկը թող չկարծի, թե Ռուսաստանի նոր առաջարկը լավ հիմք է քննարկումները շարունակելու համար: Այն իրականում հողին է հավասարեցնում մեր հիմնարար սկզբունքները: Մենք չենք կարող վերջ տալ քիմիական զենքի կիրառմանը, քանի դեռ մեղավորները կարողանում են խուսափել և պատասխան չտալ իրենց արարքների համար»:

Ռուսական նախաձեռնությունը երեկ քնննադատել են նաև Անվտանգության խորհրդի անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Լեհաստանն ու Նիդեռլանդները: Կողմ են արտահայտվել Բոլիվիայի, Ղազախստանի և Հասարակածային Գվինեայի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG