Մատչելիության հղումներ

Հայ փորձագետը Ադրբեջանում ընտրությունների արտահերթ անցկացումը պայմանավորում է «արտաքին ազդեցությամբ»


Ռազմավարական 7 ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Ռազմավարական 7 ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգված է տարածաշրջանային զարգացումներով, սպասում է, որ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում կարող է ապակայունացնող լուրջ գործընթաց սկսվել, ուստի նպատակ ունի հնարավորինս արագ լուծել իր իշխանության հարցը՝ կես տարի շուտ անցկացնելով նախագահական ընտրությունները:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ալիևին հատկապես մտահոգում է Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների շարունակվող վատացումը․ - «Բնական է, ներքին հարցերից է ցանկացած դիկտատորը վախենում, բայց դե պրոցեսներ են գնում ռեգիոնում, որոնք ամեն ամիս այնպես են փոխում են ամեն ինչ, որ ամեն մեկն էլ մտածում է, թե, ի վերջո, վաղը ի՞նչ կլինի, կես տարուց հետո ի՞նչ կլինի: Մանավանդ, որ Ալիևը հիմնականում ամբողջ իր պետության, իր անձնական խնդիրները կապում է Թուրքիայի հետ, որը գնալով շատ ավելի բարդ վիճակում է հայտնվում, խճճվում է այս ռեգիոնալ պրոցեսներում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ստորագրեց մի հրամանագիր, ըստ որի այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով՝ նախագահական ընտրությունները Ադրբեջանում պետք է տեղի ունենային միայն գալիք հոկտեմբերի 17-ին:

Ադրբեջանի ղեկավարի հրամանագրում ոչինչ ասված չէ, թե որն է նման որոշման պատճառը: Փոխարենը Ալիևի խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի «տեղական ու միջազգային կարևոր իրադարձությունները» չխանգարեն նախագահական ընտրություններին:

Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն քննադատության են ենթարկել ավելի քան 14 տարի երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևի այս որոշումը՝ այն գնահատելով որպես ընտրական ինստիտուտի ծաղր: Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլին նշանակված նախագահական ընտրությունները:

Ըստ Մանվել Սարգսյանի, Ադրբեջանում Ալիևը սպառնալիք չի տեսնում, քանի որ ընդդիմությունը իրական ուժ, լծակներ չունի մարտահրավեր նետելու իշխանությանը․ - «Հիմա ընդամենը արտաքին ազդեցություններն են վախեցնում Ալիևին: Առանց արտաքին ազդեցությունների Ադրբեջանում գոյություն չունի ինչ-որ պայքար: Եթե ինչ-որ բաներ այնտեղ լինի, դա կարող է լինել միայն ներիշխանական: Ներիշխանականն էլ միայն արտաքին ազդեցությամբ կարող է լինել»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, Իլհամ Ալիևը գնացել է նման քայլի, քանի որ նպատակ ունի պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում և չի ցանկանում ժամանակ կորցնել․ - «Ալիևը պատրաստվում է պատերազմի: ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, չէ՞, մի քանի օր առաջ ու այնտեղ և՛ Ղարաբաղի հարցին անդրադարձավ, և՛ Ադրբեջանի պատգամավորներից մեկի հարցերին պատասխանեց: Եվ այդ պատասխաններից ակնհայտ էր, որ Ադրբեջանը կորցրեց Ղարաբաղը, քանի որ ուզում էր ուժով լուծել այդ հարցը, քանի որ կոնստրուկտիվ չի և այլն, և այլն: Իրենք ստացան Հայաստանից հստակ պատասխան, և հիմա իրենք մտածում են ինչ անեն: Եթե Ալիևը սպասեր մինչև հոկտեմբերի հերթական ընտրությունները, ժամանակ կկորցներ: Հենց դա է պատճառը, որ ինքը անում է ապրիլին, որ պատրաստվի պատերազմի»:

Ըստ Գրիգորյանի, մյուս կողմից, մինչև ապրիլի 11-ը ընկած կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը պարզապես չեն հասցնի ծավալել իրենց նախընտրական արշավը․ - «Ներքին քաղաքականության մեջ ինքը գրեթե պրոբլեմ չունի: Իր ընդդիմադիրները կա՛մ բերդում են նստած, կա՛մ ոչ մի ռեսուրս չունեն պայքարելու, ու ոչ մի շանս էլ չունեին, ասենք, մինչև հոկտեմբեր ռեյտինգ հավաքել կամ ինչ-որ բան անել: Ինքը քաղաքական իմաստով վիճակը կոնտրոլի տակ է պահում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG