Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Հողային օրենսգրքի՝ հողերի աճուրդ-վաճառքներին վերաբերող դրույթը


Լսումներ ՍԴ-ում, արխիվ

Սահմանադրական դատարանը բավարարել է «Հետաքննող լրագրողների» հայցը․ ՍԴ-ի հրապարակած որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Հողային օրենսգրքի այն դրույթը, ըստ որի, համայնքային հողերի աճուրդ-վաճառքը պետք է անցկացվի փակ:

«Մենք գտնում էինք, որ անձը, լրագրողը, հետաքննող լրագրողը, պետք է հնարավորություն ունենա անձամբ ներկա գտնվել աճուրդներին, դիտարկել դրանք, տալ իրենց կողմից ընկալված տեղեկատվությունն ու լուսաբանել: Ողջ համակարգը՝ օրենսդիրը, դատականը, գործադիրը, գտնում էին, որ ոչ՝ օրենքով սահմանված է, որ կարող են ներկա գտնվել միայն իրենք իրենց նեղ շրջապատով և ինչ ուզեն անեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության շահերը Սահմանադրական դատարանում ներկայացրել են փաստաբան Արա Ղազարյանը և իրավապաշտպան, այժմ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ովքեր չորս տարի շարունակ դատարանից դատարան են գնացել այս հարցով։ «Մենք մտանք վեճի մեջ Ազգային ժողովի հետ, դատական համակարգի, գործադիր իշխանության և ՏԻՄ մարմինների հետ: Այդ ողջ հզոր բանակի հետ մտանք վեճի մեջ և հաղթեցինք»,- շարունակեց Զեյնալյանը:

Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, Արա Ղազարյանը հստակեցրեց՝ այն վերաբերում է ոչ այնքան աճուրդների խնդրին, որքան խոսքի և տեղեկատվության ազատությանը։ Հողային օրենսգիրքը զրկում էր համայնքի ներկայացուցիչներին ու լրագրողներին հողի աճուրդներին ներկա գտնվելու հնարավորությունից, ինչը, ըստ «Հետաքննող լրագողների», հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով։

«Միտքը նրանում է, որ համայնքը, ինչպես մենք հայտարարեցինք, ուզում է և իրավունք ունի իմանալ, թե ով և ինչպես է գնում իրենց հողերը: Խոսքը հիմնականում «ինչպեսի» մասին է, որովհետև կոռուպցիան հիմնականում թաքնված է «ինչպեսի» մեջ: Եվ նրանք, ովքեր ցանկանում են համայնքի հողերը չափազանց էժան գներով վաճառել կոռուպցիոն եղանակով, առաջին հերթին կտրում են խոսքի ազատության ճանապարհը, թույլ չեն տալիս, որ լրագրողը կամ համայնքի ներկայացուցիչը ներկա լինի պրոցեսին, որպեսզի տեսնի, թե ինչ խախտումներով է հողը վաճառվում»,- ասաց Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG