Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատագամավորները հակասահմանադրական են համարում խորհրդարան ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագիծը՝ պնդելով, թե իշխանությունը դրանով փորձում է «նախագահից վերցնել ու ապագա վարչապետին տալ ներում շնորհելու իրավունքը»։

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը մատնանշում են Սահմանադրության 135-րդ հոդվածը՝ «դատապարտյալներին ներում շնորհելու հարցը օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է նախագահը»։

«Ձևականորեն մենք հռչակում ենք, որ ներման հարցի վերջակետը դնում է նախագահը, բայց մինչ այդ վերջակետը դնելը ինչ-որ փոխաբերական իմաստով կետադրական նշաններ բաժանում են խնդիրը նախագահից», - ասաց Պետրոսյանը:

«Ամբողջությամբ Կառավարությունում է՝ ներման խնդրագրերի հարցի քննարկում, նախագծերի պատրաստում․․․ Նախագահին ներկայացնում են ուղղակի պատրաստի որոշման նախագծերը, որ նախագահը ստորագրի: Բայց Սահմանադրությունն ասում է, որ նախագահն է ներողը», - հավելեց Մարուքյանը:

Կառավարության ներկայացրած օրինագծով սահմանվում է, որ հանցագործության համար դատապարտված անձին ներում շնորհելու կամ մերժելու մասին նախագիծը նախագահին ներկայացնում է վարչապետը։ Խնդրագիրը նախ ուսումնասիրելու է վարչապետի կողմից ստեղծված Ներման հարցերի հանձնաժողովը, որի եզրակացությունը, սակայն, վարչապետի համար զուտ խորհրդատվական բնույթ է կրում։ Ավելին՝ ըստ նախագծի, բացառիկ դեպքերում վարչապետը կարող է նախագիծը առանց հանձնաժողովի ուսումնասիրության ներկայացնել նախագահին։

«Վարչապետին հիմնական դերն են տվել օրենքով: Որ վարչապետը ստանում է ներման խնդրագրերը, քննարկում է և միանգամից նախագահին առաջարկում է ներել կամ չներել: Այսինքն նախագահից այս լիազորությունը նույնպես օրենքներով վերցնում են մեծ հաշվով», - նշեց Էդմոն Մարուքյանը:

«Չի կարող լինել մի մեխանիզմ, երբ Հանրապետության նախագահին միանձնյա, բացառիկ, առանց որևէ առաջարկության կամ միջնորդության իրավունք վերապահվի պարզապես ինքնուրույն որոշել, թե ում ներում շնորհվի», - հակադարձում է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ):

Հովհաննիսյանն անտեղի է համարում հնչող քննադատությունը։ Նրա խոսքով, ընդդիմադիրները թերի են մեջ բերում Սահմանադրությունը: Ներկայացված նախագիծը, ըստ նրա, ամբողջությամբ բխում է մայր օրենքից․ - «Իրավացի եք, Սահմանադրության 135-րդ հոդվածը խոսում է Հանրապետության նախագահի կողմից, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ներում շնորհելու հարցի լուծման մասին: Բայց նույն Սահմանադրության 139-րդ հոդվածը խոսում է այն մասին, որ Սահմանադրությունը օրենքի վրա է թողել այն հարցը, թե ով պիտի լինի առաջարկություն կամ միջնորդություն ներկայացնողը»:

Գևորգ Պետրոսյանին մտահոգում է նաև այն փաստը, որ նախագծում հստակ չէ, թե ում և ինչ հանգամանքներից ելնելով կարող է ներում շնորհվել։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սա վարչապետին թույլ կտա տարբերակված դիրքորոշում ցուցաբերել ներում շնորհելու հարցում. - «Բազմաթիվ դեպքեր եղան նախկին ընտրությունների ժամանակ, որ իբրև թե մարդիկ կալանավորվեցին՝ ընտրակեղծարարներ և այլն․․․ Եվ քանի որ նրանք այդ ընտրակեղծարարությունը կատարել էին հանուն իշխանության, նրանք ներվեցին: Բայց նույնպիսի բանը կարող է հանկարծ կատարվել որևէ ոչ-իշխանական հավակնություններ ունեցողների և նրանց սատարողների կողմից, և մարդը բացարձակ․․․ Այսինքն, մենք պետք է քաղաքականություն ունենանք»:

Ըստ փաստաթղթի, նախագահը կարող է հետ ուղարկել նախագիծն իր առարկություններով, սակայն եթե դրանք չընդունվեն, եռօրյա ժամկետում պետք է հրապարակի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Հակառակ պարագայում, վարչապետի ներկայացրած նախագիծը իրավունքի ուժով կհամարվի ընդունված։

«Սահմանադրական դատարան չի կարող դիմել, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որովհետև վեճի առարկա չկա: Ի՞նչ հարցով դիմի: Օրենքների պարագայում այլ է: Օրենքների պարագայում կարող է դիմել, ասել հակասահմանադրական է օրենքը: Բայց դիմի, ասի՝ Պողոսին ուզում են ներեն, ես դեմ եմ, և կրկին են պնդել, որ ներեն, ես էլի դեմ եմ, դիմում եմ Սահմանադրական դատարան: ՍԴ-ին ի՞նչ ասի, վեճի առարկան ո՞րն է», - օրինակ բերեց Էդմոն Մարուքյանը:

Արփինե Հովհաննիսյանն ընդունում է, որ այս մասով օրենքի բաց առկա է, բայց վստահեցնում է, թե այդ ուղությամբ արդեն աշխատանքներ տարվում են․ - «Խնդրի լուծման բանալին իրականում գտնվում է հենց այն տիրույթում, որի վերաբերյալ մենք առաջարկություն ենք պատրաստվում ներկայացնել: Այսինքն՝ հստակեցնել ավելի ներման քաղաքականության չափանիշները, որոնց՝ օրենքին անհամապատասխանության հետ կապված, Հանրապետության նախագահը կկարողանա հստակ հիմքերով վիճարկել դա Սահմանադրական դատարանում»:

«Ներման մասին» օրենքի նախագիծն արդեն արժանացել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջիկա օրերին այն կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG