Մատչելիության հղումներ

Մոսկվան ներեց Բիշքեկի պարտքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է Ռուսաստանի և Ղրղըզստանի միջև պայմանագիրը, համաձայն որի, Մոսկվան ներում է Բիշքեկի 240 միլիոն դոլարի պարտքը։

Երեկ ավելի վաղ Ղրղըզստանի 240 միլիոն դոլարի պարտքը ներելու մասին օրենքը հավանության էր արժանացել Ռուսաստանի Պետդումայում։

Ռուսաստանի և Ղրղըզստանի միջև համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի՝ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Մոսկվա այցի ժամանակ։

Դեռևս 2013-ին Ռուսաստանը ներել էր Ղրղըզստանի շուրջ 190 միլիոնի պարտքը։ Ղրղըզստանը, սակայն, պարտք էր մնում Ռուսաստանին շուրջ 300 միլիոն դոլար։

Անցած տարի երկու երկրների նախագահները պայմանավորվել էին, որ պարտքը ներվելու է ամբողջությամբ։ Երեկ վավերացված օրենքով Բեշքեկն այլևս պարտք չէ Ռուսաստանին։

Ղրղըզստանի պարտքը ներելու մասին բանակցությունները սկսվել են 2013-ին, և պարտքը ներելուց հետո Ղրղըզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ 2016 թվականին Ռուսաստանը ներել էր Ուզբեկստանի շուրջ 900 միլիոն դոլարի հասնող պարտքը։ Նշենք, որ Ուզբեկստանը ոչ ՀԱՊ, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ է։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը 100 միլիարդից ավելի պարտք է ներել տարբեր երկրներին, այդ թվում՝ Կուբային՝ 31 միլիարդ դոլար, Իրաքին՝ 21 միլիարդ դոլար, աֆրիկյան երկրներին՝ շուրջ 20 միլիարդ դոլար, Մոնղոլիային՝ 11 միլիարդ դոլար, Աֆղանստանին՝ 11 միլիարդ դոլար, Հյուսիսային Կորեային՝ 10 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG