Մատչելիության հղումներ

Էրդողանի այցն Իտալիա ուղեկցվում է բողոքի ցույցերով


Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպեց Հռոմի Ֆրանցիսկոսի պապի և Իտալիայի նախագահի հետ՝ Հռոմում ուժեղացված ոստիկանական հսկողության ու այցի դեմ կազմակերպված ցույցերի ֆոնին:

«Ամոթ է, որ Իտալիայի կառավարությունն ընդունում է Էրդողանին»,- հայտարարել է Իտալիայի ազգայնական «Հյուսիսային լիգա» կուսակցության առաջնորդներից Մատեո Սալվինին՝ Էրդողանին բնորոշելով որպես «արյունարբու, ազատությունը սպանող վարչակազմի» ղեկավար:

Նույնն էին պնդոuմ նաև այսօր Հռոմում բողոքի ցույցի դուրս եկած ակտիվիստները:

«Մեր ուղերձը հետևյալն է․ մենք չենք բանակցում ֆաշիստների հետ, իսկ Էրդողանը ֆաշիստ է: Նա ճնշում է հայերին, կանանց ու լրագրողներին: Նա քրեական հանցագործ է, և այսօր Էրդողանի մակարդակի հանցագործը չպետք է ընդունելության արժանանա Հռոմում», - ասել է ցուցարարներից մեկը:

Ցույցը կազմակերպել էին քրդական կազմակերպությունները, որոնց ակտիվիստները ոչ միայն իրենց ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի, այլև Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից սպանված երեխաների նկարներն էին բերել: Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, թե Աֆրինում սկսված այդ ռազմական գործողությունների թիրախում են միայն ահաբեկիչնեները:

Թերևս այդ պատճառով ցույցի մասնակիցները սպանված երեխաների անունների փոխարեն լուսանկարները մակագրել էին` «Ահաբեկիչ»:

«Աֆրինում տեղի է ունենում մարդկության դեմ նոր հանցագործություն», - հայտարարում էին ցույցի մասնակիցները: - «Հուսով ենք, որ Ֆրանցիսկոս պապը, ով միշտ հանդես է գալիս խաղաղության օգտին և ընդդեմ պատերազմի, այսօր կքննադատի Էրդողանի վարած քաղաքականությունը, և դրանով իսկ կբարձրացնի իր քաղաքական և հոգևոր առաջնորդի կշիռը: Եթե նա իսկապես կարևորում է կյանքը, ինչի մասին ասում էր երեկ Վատիկանում, ուրեմն պետք է խոսի նաև այն մարդկանց մասին, որոնք այսօր թուրքական բանտում են»:

Ցույցը մարդաշատ չէր. նախօրեին Հռոմի իշխանությունները 24 ժամով արգելել էին զանգվածային հանրահավաքներն ու բողոքի ակցիաները քաղաքի կենտրոնում՝ թերևս հենց քրդերի ակցիաներից զգուշանալով: Այդուամենայնիվ, բախումներից խուսափել չհաջողվեց: «Ռոյթերզի» հաղորդմամբ, մի քանի ակտիվիստներ այսօր փորձել են հաղթահարել ոստիկանական պատնեշն ու մոտենալ Վատիկանին: Սկսվել են անկարգություններ, երկու մարդ ձերբակալվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Թե ինչ են խոսել այս իրադարձությունների ֆոնին Թուրքիայի նախագահն ու Հռոմի պապը, հայտնի չէ: Երկու առաջնորդների մոտ մեկժամյա հանդիպումն անցել է փակ դռների հետևում:

Քննարկմանը ներկա լրագրողները, այդուամենայնիվ, պատմել են, որ Ֆրանցիսկոս Առաջինը էրդողանին նվիրել է հուշամեդալ «պատերազմի չարիքի դեմ պայքարող հրեշտակի պատկերով»:

«Սա խաղաղության և արդարության վրա հիմնված աշխարհի խորհրդանիշն է», - ըստ ականատեսների, ասել է կաթոլիկ առաջնորդը Թուրքիայի նախագահին, ով այժմ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում ու ճնշում ընդդիմախոսներին սեփական երկրի ներսում:

Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վատիկան մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը նշել էր, որ պատրաստվում է Հռոմի պապի հետ քննարկել մի շարք հարցեր՝ քրիստոնյաների ու մահմեդականների հարաբերություններից մինչև սիրիական ճգնաժամ: Միաժամանակ հաղորդվում էր, որ հանդիպման առանցքային հարցը լինելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որի շուրջ երկու առաջնորդներն էլ միևնույն դիրքորոշումն ունեն:

«Մենք երկուսս էլ կողմ ենք Երուսաղեմի ստատուս քվոյին և պետք է պաշտպանենք դա», - Վատիկան ժամանելուց առաջ իտալական մամուլին տված հարցազրույցում ասել էր Էրդողանը՝ գովեստի խոսքեր շռայլելով կաթոլիկ առաջնորդի հասցեին:

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ երկկողմ հարաբերությունները միշտ չէ, որ այսչափ ջերմ են եղել. 2015-ին, երբ Ֆրանցիսկոս Առաջինը ցեղասպանություն որակեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահ էրդողանը ոչ միայն հետ կանչեց Վատիկանից իր դեսպանին, այլև «զառանցանք» որակեց Պապի այդ խոսքերը՝ խորհուրդ տալով այլևս դրանք չկրկնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG