Մատչելիության հղումներ

Նավալնիին մեղադրում են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ


Հակաիշխանական ցույցեր Սանկտ Պետերբուրգում, 28-ը հունվարի, 2018 թ․
Հակաիշխանական ցույցեր Սանկտ Պետերբուրգում, 28-ը հունվարի, 2018 թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին այսօր առավոտյան կանչել են քննչական կոմիտեն հունվարի 28-ին ընդդիմության երթի ժամանակ ոստիկանին մարմնական վնասվածքներ հասցնելու գործով։ Ռուսական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, թե նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել:

Ինքը՝ Նավալնին իր թվիթերյան էջում գրել է․ «Այսօր առավոտյան ութն անց կես իմ բնակարան են եկել ոստիկաններ և ինձ երկու ծանուցագիր են հանձնել՝ պահանջելով ներկայանալ քննչական կոմիտե հարցաքննության: Խոսքը հունվարի 28-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակման գործի մասին է»: Նավալնին նշել է նաև, որ իրավապահները ցանկանում են իրեն մեղադրանք ներկայացնել իր ձերբակալության պահին ոստիկանների վրա հարձակվելու համար։ Նավալնիի ձերբակալության տեսագրություններն արդեն հայտնվել են համացանցում: Այսօր առավոտյան ընդդիմադիր գործիչը նույնպես հրապարակել է դրանք՝ ցույց տալու համար որ, ինքն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէր կարող լինել հարձակվել իր ձեռքերը բռնած ոստիկանների վրա։

Տեսագրությունում երևում է, թե իչպես են առնվազն 4 ոստիկաններ հանկարծակի բռնում Նավալնիին ու նրան քարշ տալիս դեպի ոստիկանական ավտոբուս։ Այնուամենայնիվ՝ քննչական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Նավալնիին հարցաքննության են կանչել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով ցուցմունք տալու համար։ Քնչական կոմիտեն հաստատել է, որ խոսքն այն ոստիկանների մասին է, ովքեր հունվարի 24-ին ձերբակալել էին ընդդիամդիր գործչին։ Ավելի ուշ՝ հունվարի 28-ի երեկոյան նրան ազատ էին արձակել:

Հունվարի 28-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում և Սանկտ Պետերբուգում Նավալնիի աջակիցները բողոքի ցույցեր ու երթեր էին կազմակերպել։ Մոսկվայում Ալեքսեյ Նավալնին հասցրել էր Տվերսկայա փողոցով մի քանի րոպե քայլել ցուցարարների հետ: Սակայն, Պուշկինսկայա հրապարակ չհասած, նրան ձերբակալել էին։ Երթը, որը Մոսկվայում արտոնված չէր, շարունակվել է մինչև երեկո: Այլ միջադեպեր չեն գրանցվել:

Ընդդիմության աջակիցները բողոքում էին Պուտինի և մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների դեմ։ Ավելի վաղ՝ դեկտեմբերին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատված լինելու պատճառաբանությամբ Ալեքսեյ Նավալնիին արգելել էր որպես թեկնածու մասնակցել այդ ընտրություններին։ Դրանից հետո Նավալնին իր կողմնակիցներին կոչ արեց բոյկոտել ընտրությունները։ Անցած շաբաթ իր գրառումներից մեկում ընդդմադիր գործիչը գրել էր, թե իշխանություններն ամեն ինչ կանեն, որ մարտի 18-ին ինքն ազատության մեջ չլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG