Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն Կառավարությունից ներառական, որակական աճ է պահանջում


«Հայաստանում առաջընթաց չկա ներառական՝ որակական ցուցանիշներով», ՀՅԴ ներկայացուցիչը մեկնաբանում է օրերս ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության՝ ամենամեծ ուշադրությունը գրաված նախադասությունը, որն էր՝ «Երկրի զարգացման տեմպերը ՀՅԴ-ին չեն բավարարում»։

«Առաջին խնդիրը այն է, որ նաև մեր Կառավարության գործունեության ծրագրի մեջ է նշված՝ մենք չունեցանք ներառական աճ, որը տնտեսական աճից կամ տնտեսական ակտիվությունից տարբերվում է», - մանրամասնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: - «Ներառական աճը իրենից ներկայացնում է որակական ցուցանիշների համախումբ: Այսինքն՝ աղքատության կրճատում, եկամուտների բևեռացվածության նվազում, արտադրողականության աճ, կյանքի տևողության աճ և այլն: Դրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք կապահովեն մեր տնտեսության համար ներառական, որակական աճ»:

Պարսյանի խոսքով՝ տնտեսականից բացի չեն ապահովվում նաև սոցիալական և բնապահպանական այն ցուցանիշները, որոնց ձգտում է ՀՅԴ-ն։ 2017-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձր է եղել՝ 7.7 տոկոս, սակայն քաղաքացիները իրենց կյանքում փոփոխություն չեն զգացել, վստահ է ՀՅԴ ներկայացուցիչը․ ֊ «Եվ այստեղ շատ կարևոր է, որ եկամուտների բևեռացվածության բարձր մակարդակ ունենք, և այս աճը պետք է շատ արդյունավետ լինի, այսինքն յուրաքանչյուրը իր մասով ստանա այդ մասնաբաժինը»:

Այնուամենայնիվ, իշխանական ՀՅԴ-ն Կարեն Կարապետյանի կառավարության բռնած ուղին ճիշտ է և արդյունավետ է համարում, բայց որոշ ոլորտներում այլ մոտեցումներ են ականկալում․ ֊ «Մասնավորապես՝ հակամենաշնորհային քաղաքականության վիճակը: Կառավարությունը չպետք է սահմանափակի իր քաղաքականությունը միայն հարկային և մաքսային վարչարարության պարզեցմամբ և բարելավմամբ: Ինքը կոնկրետ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնի, որ առանձին տնտեսական շուկաներում նոր տնտեսվարող սուբյեկտներ ի հայտ գան: Մեր վերլուծության մեջ մենք անդրադարձել ենք, մասնավորապես, բենզինի, դիզելային վառելիքի դեպքում մեր երկրում պետք է միջազգային կորպորացիաների ներկայացուցիչներ գործեն, ինչպես Վրաստանի Հանրապետությունում․ կա «Շելը», «Լուկօյլը», «Բրիթիշ Պետրոլիումը» և այլ միջազգային կորպորացիաներ, որոնք ունեն բենզալցակայանների ցանց, որոնք իրար հետ օրվա ընթացքում մի քանի անգամ մրցակցում են գնի շուրջ»:

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն իր հայտարարությունում նաև շեշտել է, որ՝ «վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան»:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահ է՝ կատարում են նախընտրական խոստումները, անցած տարի ապահովվել է խոստացված տնտեսական աճը, մեծացնել արտահանման ծավալները, գերակատարվել են հարկային մուտքերը․ ֊ «Շատ կարևոր և լուրջ քայլեր ենք իրականացնում թե՛ հարկային, թե՛ մաքսային օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելով, որոնք հիմնականում նպաստում են ներդրումային դաշտի ակտիվացմանը, և այս պարագայում գերակատարվել են հարկային մուտքերը: Հիմնականում դա իրականացվել է ստվերի կրճատման հաշվին և հիմնականում խոշոր տնտեսվարողների հաշվին»:

Հարկային բեռ, այնուամենայնիվ, ավելացրել է. նոր հարկային օրենսգրքով բարձրացել է այն քաղաքացիների եկամտահարկը, ովքեր վաստակում են 280 հազար դրամից ավելի: ֊ «Իսկ ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկի դրույքաչափի ավելացումը, կարծում եմ, այդպես էլ պետք է լիներ», ֊ այս առնչությամբ մեկնաբանում է Գագիկ Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG