Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբի» խմբագրին ուղղված սպառնալիքները


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Դեսպանատան «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարությունում նշվում է․ «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:

Պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «ֆեյսբուքի» մի օգտատեր շարունակ սպառնացել է՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին:

«Մեդիալաբ»-ի խմբագրի դեմ սպառնալիքներն այնուհետև շարունակվել են՝ վերածվելով Մարիաննա Գրիգորյանի երեխային ուղղված հստակ ակնարկների:

Այդ սպառնալիքների առնչությամբ հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, թե սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դատախազությունն ուղարկել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «ստուգողական գործողություններ կատարելու նպատակով»:

Այսօր Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հետաքննությունը շարունակվում է, և այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան:

Սպառնալիքների մասին բարձրաձայնելուց 7 օր անց անգամ հայտնի չէ՝ արդյո՞ք ոստիկանները հայտնաբերել են «ֆեյսբուքի» հիշյալ օգտատիրոջը: Մինչդեռ՝ «Մեդիալաբի» խմբագիրը պնդում է, որ իր հետ կապ հաստատած անձը սպառնալից նամակները կեղծ էջից չի ուղարկել: Լրագրողն ասում է, որ իրեն անգամ հաջողվել է պարզել նրա հեռախոսահամարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG