Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան ոստիկանությունն իր բնակարանում խուզարկումներ է իրականացրել: Իր թվիթերյան էջում Նավալնին գրել է, որ ստուգումներն արվել են «ոստիկաններին ծեծելու» գործով: Ընդդիմադիր գործիչը նաև հրապարակել է տեսանյութ, որում, ըստ քննչական մարմինների, ինքը ծեծում է ոստիկաններին: Նավալնին այդ գործի շրջանակներում հրավիրվել է հարցաքննության:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ Նավալնիի նախաձեռնած հերթական բողոքի երթի ժամանակ: Այդ օրը հազարավոր մարդիկ Ռուսաստանի տասնյակ քաղաքներում փողոց էին դուրս եկել՝ արձագանքելով մարտի 18-ի նախագահական ընտրությունները բոյկոտելու՝ Նավալնիի կոչին, ում արգելվել է մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու։