Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավերով այսօր պաշտոնական այցով Վատիկան է ժամանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Սա Թուրքիայի նախագահի առաջին այցն է Վատիկան վերջին 59 տարվա ընթացքում։
Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, երկու առաջնորդները մի շարք հարցեր են քննարկելու՝ երկկողմ համագործակցություն, Սիրիա, ահաբեկչության դեմ պայքար, կրոնին առնչվող հարցեր, սակայն օրակարգի գլխավոր հարցը Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումներն են։
Թուրքիայի նախագահն ու Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այդ հարցում նույն դիրքորոշումն ունեն. երկուսն էլ քննադատում են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
«Մենք երկուսս էլ կողմ ենք Երուսաղեմի ներկայիս ստատուս քվոյին և մենք պետք է պաշտպանենք դա», - երեկ Վատիկան մեկնելուց առաջ հայտարարում էր Էրդողանը։
Վատիկանի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն, վերջին տարիներին աչքի ընկան լարվածությամբ, հատկապես այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ցեղասպանություն որակեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի կոտորածը։
Պաշտոնական Անկարան կոշտ քննադատել և դատապարտել էր Վատիկանի առաջնորդի հայտարարությունները, իսկ էրդողանը «զառանցանք» էր որակել դրանք և նախազգուշացրել Պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:
2015 թվականին Անկարան, ի թիվս Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների, նաև Վատիկանում իր դեսպանին ետ կանչեց։
Վատիկանից բացի Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Հռոմում՝ իտալացի պաշտոնակից Սերջիո Մատարելլայի և իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։
«Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են հրաշալի մակարդակում։ Իտալիան մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, միևնույն ժամանակ Թուրքիայի առաջատար տնտեսական գործընկերներից մեկը», - ասել էր Էրդողանը։
Թուրքիայի նախագահի այցի նախաշեմին, ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, Հռոմում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են կազմակերպվել, որում ներգրաված են ավելի քան 3 հազար 500 իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Եվրամիության անդամ Իտալիայի մայրաքաղաքում վաղը Էրդողանի այցի կապակցությամբ կարգելվեն քրդամետ ցուցարարների հավաքները քաղաքի կենտրոնում, Հռոմի որոշ փողոցներ փակ կլինեն մեքենաների համար։