Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է քաղաքային զարգացման միացյալ ծրագիր ներկայացնել Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի համար՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու պետությունների տնտեսական գործընկերային կապերը:
«Նիքքեյ Էյժըն Ռեվյուն» հրապարակել է ներկայացվելիք ծրագրի մանրամասները, որոնք ներառում են ճապոնական խելացի ճանապարհային լուսազդանշանային համակարգի ներդրում՝ այն ավտոմատ կերպով փոխում է լուսացույցերի տևողությունը՝ ելնելով երթևեկության ծանրաբեռնվածությունից:Ճապոնացիները նաև առաջարկում են ներդնել նոր տեխնոլոգիա, որը կօգնի վերանորոգել կոյուղագծերը՝ առանց դրանք փորելու և քանդելու անհրաժեշտության:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Վլադիվոստոկում իրականացվելիք զարգացման ծրագրերի արդյունքում այն կարող է դառնալ գլխավոր նավահանգիստը Հեռավոր Արևելքում: Ռուսաստանի իշխանությունները մտադիր են այս քաղաքը դարձնել տնտեսական և տուրիստական կենտրոն, որը ներառում է նաև մեծածավալ խաղատան ծրագիր:
«Նիքքեյ Էյժըն Ռեվյու»-ն գրում է, որ այս Վլադիվոստոկի զարգացման ծրագրով համագործակցելով Ռուսաստանի հետ Տոկյոն հույս ունի բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ և ի վերջո հասնել իր համար դրական հանգուցալուծման երկու երկրների միջև վիճելի համարվող Հարավային Կուրիլյան կղզիների կարգավիճակի շուրջ: Խորհրդային Միությունը այս կղզիները գրավել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին, սակայն Ճապոնիան պնդում է, որ դրանք իրեն են պատկանում: