Մատչելիության հղումներ

Սուրենավանում կոյուղատար համակարգի խնդիրը լուծելու համար «մեծ ներդրումներ են անհրաժեշտ»


Արարատի մարզի Սուրենավան գյուղում, փետրվար, 2018թ․
Արարատի մարզի Սուրենավան գյուղում, փետրվար, 2018թ․

Արարատի մարզի Սուրենավան համայնքը, որը տարիներ շարունակ ջրի խնդիր է ունեցել, արդեն 2011 թվականից օրական 4-5 ժամ խմելու ջուր է ունենում:

Նախկինում այստեղ դույլերով էին կրում ջուրը, որի համար յուրաքանչյուր ընտանիք ամեն օր վճարում էր միջինը 500 դրամ:

Համայնքի բնակիչները դեռ չեն մոռացել, թե ինչպես էին ապրում մինչև 2011-ը:

«Էն վախտ ջուրը կրում էինք վեդրոներով, բերում էինք տաքացնում օջախով, քանի անգամ պարզաջրել․․․ Իսկ հիմա ավելի հեշտ ա, շատ: Համ ջուրն ա լավ, երբ պետք ա, բացում ես՝ ջուրը կա: Իսկ էն վախտ պետք ա կանգնեիր ժամերով, որ մի էրկու վեդրո ջուր լցվեր, գայիր գոնե քո լվացքը անեիր», - ասում է գյուղի մի բնակչուհի:

«Էդ ջրով չայ էինք դնում, մի շաբաթ հետո էդ չայնիկը արդեն կիրը նենց էր բռնում՝ փակվում էր դաժե», - պատմում է մի տղամարդ:

Ջրագիծը կառուցել է Ասիական զարգացման բանկը։ 2 հազար 865 բնակիչ ունեցող, իր ծիրանով հայտնի այս համայնքում ջրագծի կառուցումից հետո հաջորդ գլխավոր խնդիրը կոյուղատար համակարգի բացակայությունն է: Մոտ տասը կիլոմետր կոյուղու խողովակագիծ է անհրաժեշտ, ասում է արդեն տասը տարի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը։

«Կոյուղի չունենք, որ լիներ, շատ լավ կլիներ: Կոյուղին շատ թանկ ա, էլի, ջրագծի պես չի: Մենք հաշվարկներ հլը չենք արել, որովհետև նախ ֆինանսավորում չունենք, որ անենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը: - «Ներքևը դրենաժ ունենք՝ լցվում է դրենաժի մեջ, գյուղից շատ ա հեռու, էլի, հոտ չի գալիս, բայց խնդիր ա, էլի, օրերից մի օր գալու ա, էլի, էդ խնդիրը մեր դեմը լինելու է»:

Խնդիրը լուծելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ասում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Հույսը գործընկերների աջակցության վրա է․ - «Իրականացվում է, փուլ առ փուլ, ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքում՝ գնահատումներ, մասնագետների կողմից հետազոտությունների արդյունքում մասնագիտական կարծիքների տրամադրում, որոշումների ընդունում, և արդեն դիմել գործընկերներից մեկին կամ, մասնավորապես, Ասիական զարգացման բանկին, որպեսզի լուծումները տրվեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կոյուղու հետ կապված խնդրի մասին իրենք տեղյակ են և հնարավորության դեպքում պատրաստ են աջակցելու:

«Խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Խորհրդային Միության ժառանգորդ համարվող մնացած երկրներին, այսինքն՝ համակարգի անմխիթարական վիճակը բնորոշ է բոլոր երկրներին: Եվ մենք խնդիրը փորձել ենք բաժանել երկու մասի՝ նախ փորձել ենք լուծել ջրամատակարարման հարցը, հետո արդեն անդրադառնալ խնդրի երկրորդ մասին՝ սանմաքրմանը», - ասաց Լորենսը:

Նշենք, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ 2007-ից մինչև 2017 թվականները Հայաստանում 2 հազար կիլոմետրից ավելի ջրատար խողովակաշար և ցանց է կառուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG