Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է Միլանի հայկական ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Միլանի Հայ տուն ազգային հաստատությունում կայացած հանդիպմանը ներկա են եղելԻտալիո Հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցու հոգաբարձության, Իտալիո Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Միլանի հայ համայնքի երիտասարդական խորհրդի, Հայագիտության և հայ մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ և ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Իտալիո Հայոց հովվության դիվանի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ Հայաստանի ապագայի և արդեն նոր կառավարման ձևաչափում երկրի տարբեր ծրագրերում սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ:

«Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ: Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի և Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը», - ասված է հաղորդագրությունում:

Նախորդ օրերին Արմեն Սարգսյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ:

Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը ընտրելու է մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG