Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դիտորդների զեկույց․ Փհենյանը պատժամիջոցների շրջանցմամբ զենք և ածուխ է արտահանել


Հյուսիսկորեական նավ, արխիվ
Հյուսիսկորեական նավ, արխիվ

Հյուսիսային Կորեան 2017 թվականին ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանցմամբ զենքի և ածխի արտահանումից ստացել է 200 միլիոն դոլար: Այս մասին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ասվում է ՄԱԿ-ի անկախ դիտորդների կազմած զեկույցում:

Ըստ զեկույցի, Հյուսիսային Կորեան ածուխը տեղափոխել է Ռուսաստանի, Չինաստանի, Մալայզիայի և Վիետնամի նավահանգիստներ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր, որոնցում որպես ապրանքի ծագման վայրեր նշվում են Չինաստանն ու Ռուսաստանը:

Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են նաև Սիրիայի և Մյանմայի հետ Փհենյանի համագործակցությունը: Փաստաթղթում ասվում է, որ 2012-2017 թվականներին ավելի քան 40 չհայտարարագրված բեռներ են ուղևորվել դեպի Գիտական հետազոտությունների սիրիական կենտրոն, որը, ըստ Reuters-ի, համակարգում է Սիրիայում քիմիական զենքի ծրագիրը: Ըստ զեկույցի՝ Հյուսիսային Կորեայից Մյանմա են ներկրվել «երկինք-երկիր» տեսակի բալիստիկ հրթիռներ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակել է հյուսիսկորեական ածխի արտահանումը 2016 թվականին, անցյալ տարեվերջին էլ որոշել է է՛լ ավելի խստացնել գործող պատժամիջոցները՝ ի պատասխան Փհենյանի հրթիռային հերթական փորձարկումների: Նոր սահմանափակումների համաձայն՝ Հյուսիսային Կորեայի նավթամթերքի արտահանումը կկրճատվի 85 տոկոսով, իսկ հյուսիսկորեացի բանվորները ստիպված կլինեն արտասահմանից հայրենիք վերադառնալ երկու տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG