Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ջոն Հանթսման ավագը․ Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել


Ջոն Հանթսման ավագ, 2010թ․
Ջոն Հանթսման ավագ, 2010թ․

80 տարեկանում վախճանվել է միլիարդատեր, բարեգործ Ջոն Հանթսմանը՝ Ռուսաստանում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Ջոն Հանթսմանի հայրը:

Հանթսման ավագը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, փետրվարի 2-ին Սոլթ Լեյք Սիթիում, հաղորդել է նրա երկարամյա օգնականը:

Ջոն Հանթսման ավագը Յութա նահանգի ամենահաջողակ և ազդեցիկ գործիչներից էր: Նրա հիմնադրած Huntsman կորպորացիան այժմ գնահատվում է 11 միլիարդ դոլար: Հանթսմանը և նրա ընտանիքը բարեգործական նպատակներով ծախսել են ավելի քան 1․4 միլիարդ դոլար:

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հանթսման ավագը օգնություն է տրամադրել Հայաստանին։ Նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, 1993-94 թվականների դաժան ձմռան ամիսներին Հայաստան պարեն և վառելիք է հասցվել։ Հանթսմանի հիմնադրամը Յութայի համալսարանում հայաստանցի ուսանողների համար տեղեր է հատկացրել։

«Ես հայ չեմ, բայց դա նշանակություն չունի, երբ խոսքը բարեգործության և մարդասիրության մասին է, դու գույներ այլևս չես ճանաչում», - մի առիթով ասել է Ջոն Հանթսման ավագը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ:

«Ջոն Հանթսման ավագը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի բարի դարձնել, օգնել մարդկանց հաղթահարելու արհավիրքների հետևանքները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG