Մատչելիության հղումներ

Արսեն Վենգերը Հենրիխ Մխիթարյանի ու Պիեռ Էմերիկ Օբամեյանգի հետ մեծ հույսեր է կապում


Պիեռ Օբամեյանգը (ձախից առաջինը), «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը (ձախից երրորդը) և Հենրիխ Մխիթարյանը, արխիվ
Պիեռ Օբամեյանգը (ձախից առաջինը), «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը (ձախից երրորդը) և Հենրիխ Մխիթարյանը, արխիվ

«Արսենալի» գլխավոր մարզիչը չի բացառում, որ վաղը «էվերտոնի» հետ հանդիպմանը կարող է միաժամանակ խաղադաշտ դուրս բերել իր հաձակողական քառյակի բոլոր անդամներին՝ Դորտմունդից եկած Օբամեյանգին, Մանչեսթրից իր թիմ տեղափոխված Մխիթարյանին, Օզիլին ու Լաքազեթին: «Այդպիսի հնարավորություն միշտ կա, կգնա՞մ ես դրան.... գուցե, կարծում եմ՝ այո, հնարավոր է, որ այդպես էլ լինի»,- ասել է Արսեն Վենգերը:

Այսօր, խոսելով «Արսենալի» կնքած վերջին գործարքների ու ակումբ եկած նոր ֆուտբոլիստների մասին, Վենգերը նշել է․ «Այս դժվարին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո կարող ենք արդեն կենտրոնանալ հաղթանակների ու մրցակցության վրա»: Ընդ որում, «Արսենալի» երկարամյա մարզիչը չի թաքցրել՝ մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի ու Պիեռ Էմերիկ Օբամեյանգի հետ, որոնց հաջող համագործակցությունն ու ընկերությունը սկսվել է դեռ Դորտմունդի «Բորոսիայում»:

«Հույս ունեմ, որ նրանք կրկին հաջողություններ կարձանագրեն: Նրանք խաղացել են իրար հետ, լավ ճանաչում են միմյանց և հաջող փուլ են անցել միասին: Մենք հարձակողական թիմ ենք, այդ իսկ պատճառով հուսով եմ, որ նրանք կարող են վերստեղծել այն հիանալի փոխըմբռնումը, որ ունեին Դորտմունդում»,- ասել է Արսեն Վենգերը:

Մխիթրյանն ու Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիայում» 3 խաղաշրջան են անցկացրել՝ դառնալով տասնյակ գոլերի հեղինակներ: Վերջին համատեղ խաղաշրջանի ընթացքում՝ 2015-16 թվականներին, երկու ֆուտբոլիստները միասին 106 միավոր էին հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով, ինչը փորձագետները գերազանց արդյունք են համարում: Հենց այդ հաջող խաղաշրջանից հետո էր, որ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»՝ մինչ 28-ամյա գաբոնացին ստիպված էր ևս մեկուկես տարի սպասել՝ Պրեմիեր լիգա հասնելու ու նրան միանալու համար:

«Հրաշալի է, որ կրկին միասին ենք, եղբայր»,- ողջունելով Օբամեյանգին, «Ինստագրամում» գրել է Մխիթարյանը: Օբամեյանգն էլ, իր հերթին, «Արսենալի»կազմում տված առաջին իսկ հարցազրույցում խոսել է հին ընկերոջ մասին, նշելով․ «Ես իսկապես երջանիկ եմ, որ այստեղ եմ՝ «Արսենալում» և կարող եմ միանալ Միկիին նույն թիմում: Իսկապես երջանիկ եմ, որ այս հզոր ակումբում եմ, որը մեծ պատմություն և Թիերի Անրիի նման հզոր խաղացողներ ունի»:

Բրիտանական մամուլը, վերլուծելով լոնդոնյան ակումբի վերջին համալրումները, փաստում է․ «Հիմա արդեն Մխիթարյանի ու Օբամեյանգի հետ «Արսենալը» կարող է վերագտնել արագ ֆուտբոլի զգացումը»: «Օբամեյանգին թերագնահատում են, երբ նրան առանձնացնում են միայն արագության համար»,- գրում է «Գարդիանի» մարզական մեկնաբանը, մանրամասնելով՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու և թիմակիցների հետ համագործակցելու ունակությունն ու գոլերի հոտառությունը Օբամեյանգին շատ ավելի արժեքավոր են դարձնում:

«Նրա արագաշարժությունը պետք է որ ուժեղ ազդեցություն ունենա «Արսենալի» հարձակումների վրա: Մյուս ակնհայտ նպաստավոր հանգամանքն էլ այն է, որ ակումբում կրկին ստեղծվում է Օբամեյանգ-Մխիթարյան դաշինքը, որի արդյունավետությունն ու հաջողությունն արդեն ապացուցված է»,- արձանագրում է «Գարդիանի» մարզական մեկնաբանն ու շարունակում․ «Դորտմունդում այդ երկու խաղացողների համագործակցությունը բեղմնավոր էր, և հիմա կարող է հետ բերել Արսեն Վենգերի երբեմնի՝ բարձր արագությամբ խաղաոճը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG