Մատչելիության հղումներ

«Գնում ենք Հյուսիսային Կորեայի մոդելով, տոտալիտարիզմը պոզով-պոչով չի լինում». Գորգիսյան


«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «տոտալ վերահսկողության» մոդել է որակում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ։

«Ազատության» հետ զրույցում Գորգիսյանն ասաց, որ ավելի խնդրահարույց է համարում հատկապես նախագծի դրույթներից մեկը, որտեղ նշված է, որ նախարարների հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն քաղաքականության հիմնական ուղղություններին։

«Տոտալիտարիզմը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում։ Կառավարության հիմնական գիծը սահմանում է վարչապետը։ Այսինքն՝ մենք գնում ենք Հյուսիսային Կորեայի մոդելով, երբ կա մի հոգի, որը ոնց որոշեց, էլ որևէ մեկը չի համարձակվի... լինում են դեպքեր, երբ նախարարներն ասում են իրենց կարծիքը, հիմա ցանկացած պարագայում կարող են հղում անել օրենքին, որ իրենք չեն կարող պարզապես այլ կարծիք ունենալ, այսինքն՝ ինչ գրվել է, ինչ ասվել է ի սկզբանե, դա սուրբ գրություն է, դրան կպնել չի կարելի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորգիսյանը։

Հարցին, թե այդ դրույթով փաստացի այլակարծությունն օրենքով արգելվո՞ւմ է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այո՛, փաստացի դա է դուրս գալիս։ Իրավիճակ է փոխվում։ Փաստացի ստացվում է, որ մինչև վարչապետը չորոշի, որ քաղաքականության գիծ ենք փոխում, որևէ նախագիծ չի իրականացվում: Տոտալ վերահսկողության մոդել է, ուրիշ բառ չկա, մենք գնում ենք տոտալիտարիզմի՝ հաստատուն քայլերով»։

Հիշեցնենք՝ գործադիրը երեկ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը և անհետաձգելի կարգով ուղարկեց Ազգային ժողով՝ քննարկման։

Նման օրենքի անհրաժեշտությունը նախագծի հեղինակներից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հետևյալ կերպ հիմնավորեց. - «Կառավարության շատ պաշտոնյաներ կաշկանդվում են նիստերի դռնբաց լինելուց, և արդյունքում այն քննարկումները, որոնք պետք է նիստի ընթացքում լինեին, լինում են նիստից առաջ կամ դրանից հետո»։

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG